Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «ապակառուցողական» է որակում Սերժ Սարգսյանի հայտարարությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր «անհիմն» հայտարարություններով փորձում է «փոխել սլաքի ուղղությունը» Ադրբեջանի կողմը, այդ թվում եւ կազանյան հանդիպման հարցով, այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը:

«Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի նախագահի երեկվա հայտարարությունները` Աբդուլաեւը համոզմունք է հայտնել, թե դրանք նախատեսված են ներքին օգտագործման համար, «իսկ արտաքին մակարդակում ամեն ինչ այլ կերպ է քննարկվում»:

«Մեր դիրքորոշումը անփոփոխ է: Հակամարտության կարգավորման համար Հայաստանը նախ պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից: Այդ քայլը տարածաշրջանում իրավիճակի կանխատեսելիություն կստեղծի», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը` պնդելով, թե միջազգային հանրության դիրքորոշումը համընկնում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը:

Աբդուլաեւի խոսքերով` «Սարգսյանը իր ապակառուցողական հայտարարություններում ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը իր պատրաստ չլինելը, ինչը նաեւ խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների` երեկ Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, անխուսափելի է համարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ մեղադրել է պաշտոնական Բաքվին հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ հետքայլ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG