Մատչելիության հղումներ

logo-print

«Արեւելյան գործընկերությունում Լեհաստանը ամենաքիչը հետաքրքրված է Հայաստանով»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է պաշտոնական այցով Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն, 28-ը հուլիսի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է պաշտոնական այցով Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն, 28-ը հուլիսի, 2011թ.

Շարունակո՞ւմ է արդյոք Եվրամիության նախագահությունը ստանձնած Լեհաստանը հավատարիմ մնալ Արեւելյան գործընկերության ծրագրին: Այս հարցի պատասխանն են փորձում գտնել Մադրիդում գործող FRIDE վերլուծական կենտրոնի փորձագետները:

Եվրոպական քաղաքականության վերլուծությամբ զբաղվող այս հետազոտական կենտրոնի մասնագետները օրերս հրապարակած հատուկ զեկույցում արձանագրում են, որ Լեհաստանը փորձում է համադրել Եվրամիության գլոբալ քաղաքական գիծն իր ազգային շահերի հետ:

«Լեհաստանը չի ցանկանում մնալ Եվրամիության սահմանային պետության դերում եւ անում է հնարավորը, որպեսզի, մի կողմից, եվրոպական կառույցների, մյուս կողմից` իր արեւելյան հարեւանների միջեւ կապերը գնալով ամրապնդվեն», - արձանագրում են վերուծաբանները` նշելով, որ պաշտոնական Վարշավայի համար թիվ մեկ կարեւորություն ունեցող պետություններն ավանդաբար Բելառուսն ու Ուկրաինան են: Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս պետություններին, ապա դրանք, ըստ FRIDE-ի վերլուծաբանների, լեհական արեւելյան քաղաքականության համատեքստում երկրորդական նշանակություն ունեն:

Ավելին, փորձագետների պնդմամբ, ամենաթույլ հետաքրքրությունը պաշտոնական Վարշավան տածում է դեպի Հայաստանը: «Հետաքրքրվածության նման պակասի պատճառը Երեւանի կողմնորոշումն է դեպի Ռուսաստանը եւ Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հավակնությունների բացակայությունը», - նշում են մասնագետները` նկատելով. - «Արեւելյան գործընկերությանը մաս կազմող պետությունների շարքում Հայաստանը վերջինն էր, որտեղ Լեհաստանը դեսպանություն բացեց»:

Փոխարենը, զեկույցի հեղինակների կարծիքով, պաշտոնական Վարշավան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանին եւ Ադրբեջանին: Այստեղ Լեհաստանի հիմնական նպատակներից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է` մասնավորաբար Օդեսա - Բրոդի նավթատարի միջոցով կասպիական նավթի արտահանումը դեպի լեհական Պլոցկ քաղաքի նավթամշակման գործարան:

«Վրաստանի հետ կապերը շատ սերտ էին հատկապես Լեհաստանի նախկին նախագահ Կաչինսկու օրոք: Կոմորովսկու պաշտոնավարման շրջանում փոխվեց լեհ - վրացական հարաբերությունների ընդհանուր ոճը, բայց ոչ էությունը», - նշում են FRIDE-ի մասնագետները` հատուկ նկատելով, որ Լեհաստանը ե'ւ նախկինում, ե'ւ այսօր շարունակում է աջակցել Վրաստանի անդամակցությանը թե' Եվրոպական միությանը եւ թե' ՆԱՏՕ-ին:

Ընդհանուր առմամբ, FRIDE-ի մասնագետները կանխատեսում են, որ ինչպես Եվրամիությունում նախագահության ամիսներին, այնպես էլ հետագայում պաշտոնական Վարշավան լրջորեն զբաղվելու է իր արեւելյան հարեւանների խնդիրներով:

«Արեւելյան գործընկեության հանդեպ Լեհաստանի հետաքրքրությունը ռազմավարական է եւ երկարաժամկետ: Վարշավայի ցանկությունը իր արեւելյան հարեւանների ժողովրդավարացումն է եւ ինտեգրումը եվրոպական կառույցներին», - նշում են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG