Մատչելիության հղումներ

Գրոզնիում ահաբեկչական պայթյունների հետեւանքով 9 մարդ է զոհվել


Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անցած գիշեր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետեւանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 7 ոստիկաններ եւ արտակարգ իրավիճակների նախարարության 1 աշխատակից: Հիվանդանոցներում են 22 տուժածներ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ ըստ նախնական տվյալների` պայթյունները իրականացրել են երեք ինքնասպան ահաբեկիչներ: Առաջին պայթյունը որոտացել է Բոգդան Խմելնիցկու փողոցում, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել կասկածելի տղամարդուն` փաստաթղթերը ստուգելու համար: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, հավաքվել են անցորդներ, եւ այդ պահին ամբոխի մեջ որոտացել են եւս երկու պայթյուններ:

Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւին զեկուցել է, որ ինքնասպան ահաբեկիչները ծրագրել էին ահաբեկչությունը իրականացնել Ռամադանի ավարտին եւ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված զանգվածային միջոցառման ժամանակ, եւ ուժայինները իրենց կյանքի գնով կանխել են ավելի մեծ ողբերգությունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն պարզվել է ինքնասպան ահաբեկիչներից երկուսի ինքնությունը` Չեչնիայի Ուռուս-Մարտանի շրջանից 22-ամյա Մագոմեդ Դաշաեւ եւ Ստարիե Ատագի գյուղի 21-ամյա բնակիչ, Գրոզնիի նավթային ինստիտուտի ուսանող Ադլան Խամիդով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG