Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք արտադրատեսակներով շուկայում գերիշխող դիրք գրավող «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը թանկացել է շուրջ 10 տոկոսով:

Ընկերությունն արդեն հանձնաժողովին է ներկայացրել պահանջվող փաստաթղթերը գնաճի վերաբերյալ: Եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության:

«Աշտարակ կաթ»-ում, սակայն, նշում են, որ միայն իրենք չեն, որ թանկացումներ են կատարել: «Պարզապես որպես գերիշխող դիրք գրավող ընկերություն, հանձնաժողովը միայն մեզ է դիտարկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Թանկացման պատճառները, նրա պնդմամբ, օբյեկտիվ են. թանկացել է ողջ հումքն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում:

«Թանկացման պատճառը, ընդհանուր առմամբ, հետեւյալն է. դեռ նախորդ տարվանից սկսած` սկսվեց գների թանկացում` հումք նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների եւ կաթի: Տեսակ կա հումքի, որ թանկացել է 15 տոկոսով, հումքի տեսակ կա, որ թանկացել է 50 տոկոսով», - նշեց նա` հավելելով, որ թանկացրել են ապրանքատեսակների փոքր մասը:

Նույն տեսակին պատկանող ավելի ցածր յուղայնությամբ ապրանքը չի թանկացել, չի թանկացել նաեւ կաթը. - «Կաթը մենք այսօրվա դրությամբ վնասով ենք վաճառում: Դա արդեն ընկերության քաղաքականության հարցն է. մենք թանկացնում ենք այն տեսականիները, որոնք լրիվ գտնվում են շեմից ցածր… Դրա համար փորձեցինք մեր վնասի հաշվին ինչ-որ մի տեսականիով մյուս տեսականին փոխհատուցել»:

Ստեփանյանի խոսքով, «Աշտարակ կաթ» ընկերությունը դեռեւս ձմռան ամիսներից վնասով է աշխատում: Արդեն ամռանը, երբ շուկայում հումքային կաթի գնի էական նվազում չեղավ, իրենք որոշեցին թանկացումներ կատարել:

Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող երեւույթը համարում է այլասերվածություն, ինչի պատճառը մրցակցության բացակայությունն է:

«Շաքարավազը բարձրանում է մի պարզ պատճառով` մրցակցություն չկա: Թվում էր, թե կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ձեռնարկություն կա, որտեղ առերեւույթ մրցակցություն կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գալոյանը` շարունակելով. - «Անտրամաբանական է` կաթը թանկանում է, մի քանի ամիս հետո կաթ արտադրող ձեռնարկատերերը սկսում են բացատրել, որ` մենք այսքան ժամանակ ձեզ լավություն ենք արել, վնասով էինք աշխատում: Չի կարող նման բան պատահել. ոչ մի գործարան ոչ մի օր վնասով չի աշխատել»:

Երեւանի խանութներում թանկացումներն արդեն ոչ ոքի չեն զարմացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG