Մատչելիության հղումներ

Մալխասյանի պաշտպանը պատասխանել է կառավարության առարկություններին


Մյասնիկ Մալխասյանը իր դատավարության ժամանակ, 5 հունիս, 2009 թվական

Մյասնիկ Մալխասյանը իր դատավարության ժամանակ, 5 հունիս, 2009 թվական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված Մյասնիկ Մալխասյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը երեքշաբթի օրը Եվրոպական դատարանին ուղարկեց Մալխասյանի կալանավորման վերաբերյալ կառավարության առարկությունների իր հակափաստարկները:

Մյասնիկ Մալխասյանի գործով Եվրոպական դատարան բողոք էր ուղարկվել նրան կալանավորելու, ապա նաեւ կալանքի ժամկետը 3 անգամ երկարաձգելու որոշումների կապակցությամբ: Առաջին բողոքն ուղարկվել էր 2008 թվականի օգոստոսին: Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ համաներում է կիրառվել 2009 թվականի հունիսին: Նա, սակայն, դատարանից պահանջել էր արդարացման դատավճիռ, եւ, քանի որ դատարանը ոչ թե արդարացրել, այլ դատապարտել եւ համաներմամբ ազատ էր արձակել նրան, նախկին պատգամավորն այս հարցով եւս դիմել է Եվրոպական դատարան:

Այս փուլում Եվրոպական դատարանը քննության առարկա է դարձնում Մալխասյանին կալանավորելու հիմքերը: Կառավարության պատասխանը մեկ ամիս առաջ Եվրոպական դատարանից ուղարկվել է Մյասնիկ Մալխասյանի ներկայացուցչին, եւ նա այսօր Եվրոպական դատարանին հասցեագրված գրության մեջ նշել է հակափաստարկները:

«Եվրոպական դատարանում էլ կառավարությունը որեւէ փաստական տվյալ չի ներկայացրել: Կառավարությունը հնարավորություն ուներ այս պահին ներկայացնել, թե ինչ է կատարվել իրականում 2008 թվականի փետրվարի 19-ից մինչեւ մարտի 1-ը, եւ ինչ գործողություններ են կատարվել Մալխասյանի կողմից: Կառավարությունը իր առարկություններում հղում է կատարել Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած որոշակի հատվածներին` դրանք ներկայացնելով որպես Մյասնիկ Մալխասյանի առնչությունը դեպքին հիմնավորող փաստական տվյալ: Այսինքն կառավարությունը չի ունեցել այնպիսի տվյալ, որ Մյասնիկ Մալխասյանը կատարել է իրեն մեղսագրված արարքով նախատեսված որեւէ գործողություն», - ասաց Առուստամյանը:

Մարտի 1-ի գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ տարակուսանք արտահայտեց եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «վերաբերելի չեն Մյասնիկ Մալխասյանի գործին»:

Փաշինյանի փաստաբանը եւս անցյալ տարի դիմել էր Եվրոպական դատարան` նշելով, որ Փաշինյանի հայտարարություններն անհիմն են դրվել մեղադրանքի հիմքում եւ Փաշինյանի արտահայտությունների հիման վրա նրան դատապարտելը խախտել է նրա արտահայտվելու ազատությունները:

Մյասնիկ Մալխասյանի պաշտպանն այսօր Եվրոպական դատարանին է հասցեագրել նաեւ 110 հազար եվրոյի բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջ, որի մեջ ներառված է նախկին պատգամավորի 2008 թվականի մարտի 1-ից մինչեւ 2012 թվականի մայիս ընկած ժամանակահատվածի աշխատավարձը, փաստաբանական ծախսերը, Եվրոպական դատարան հայց ներկայացնելու ծախսը եւ այլն:

Մյասնիկ Մալխասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր համար « ոչ ցանկալի է, ոչ էլ հաճելի Եվրոպական դատարան գանգատ ուղարկելը»:

«Ինձ եւ իմ ընկերներին շինծու մեղադրանքներով բանտերում պահեցին` միայն ազատ կարծիք ունենալու համար», - ասաց Մալխասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG