Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն նույնպես այս տարվանից կունենա Wi-Fi ինտերնետ


Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Երևանի պետական համալսարանը այս տարի կունենա 690-700 առաջին կուրսեցի, որից ամենամեծ թվով ուսանողներ` մոտ 100 հոգի, ընդունվել է Իրավագիտության ֆակուլտետ, 2-րդ տեղում Պատմության ֆակուլտետն է, ապա Միջազգային հարաբերությունների, Հայ բանասիրության, Կիրառական մաթեմատիկայի, Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետները:

«Մենք ունենք մասնագիտություններ, որոնցում մնացել են թափուր տեղեր, օրինակ, ռադիոֆիզիակայի երկու մասնագիտություն, մեխանիկայի գծով, միջուկային ֆիզիկայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի գծով չենք ունենա առաջին կուրսի խումբ», - հայտնում է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Առաջին կուրս ընդունված ուսանողների ճնշող մեծամասնությունը կսովորի անվճար համակարգում, քանի որ տարբեր բաժիններին հատկացված պետպատվերով իջեցված տեղերը չեն կրճատվել: Որոշ բաժիններում թափուր են մնացել նաեւ անվճար տեղերը:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնում է, որ ցնցումների բուհը չի ենթարկվի փոքր թվով առաջին կուրսեցիների պատճառով ու հիմնական դասախոսների կրճատումներ չեն լինի: Դասախոսների զբաղվածությունը ապահովելու համար ձեռնարկվել են մի շարք քայլեր, օրինակ, անգլերեն ու համակարգչային գիտելիքներ դասավանդողները կզբաղվեն դասավանդելով իրենց գործընկերներին:

Համալսարանի բյուջեն կազմում է մոտ 7 մլրդ դրամ, որից մոտ 70 տոկոսը գոյանում է ուսման վարձերից, 30 տոկոսը տրամադրվում է պետության կողմից: Ուսման վարձերի փոփոխություն այս տարի որեւէ ֆակուլտետում տեղի չի ունենա, ինչպես նախորդ տարիներին: Ամենաբարձր ուսման վարձը կվճարեն Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները` 700.000 դրամ:

Բուհի մոտ 1280 մշտական դասախոսներից գիտական աստիճան չունեցող դասախոսների աշխատավարձը կազմում է մոտ 105.000 դրամ, դոցենտներինը` 150.000, իսկ պրոֆեսորներինը, որոնց թիվը բուհում մոտ 180 է, 180 հազար դրամ է:

«Երեւանի պետական համալսարանը հասկանում է, որ աշխատավարձի մակարդակը քիչ է, այս տարի մենք բարձրացում չենք նախատեսում, բայց հաջորդ տարիներին մենք կաշխատենք բարձրացումներ անել: Դա կախված է նրանից, թե մենք ինչ կոնտինգենտ կունենանք, որովհետեւ մեր ֆինանսավորման մեծ մասը ստացվում է վճարովի ուսուցումից»:

ԵՊՀ-ի ուսանողներին հայտնի է, որ համալսարանի մասնաշենքերում եւ ընթերցասրահներում մինչեւ օրս չի եղել անլար ինտերնետ, իսկ համալսարանի աշխատակիցներին տրվել է ինտերնետի օգտագործման քարտեր` սահմանափակ կապի հնարավորությամբ: ԵՊՀ-ի աշխատակիցները խոստովանում էին, որ աշխատանքի վայրից չեն կարողանում այցելել լրատվական կայքեր, քանի որ այդ դեպքում մի ամսվա համար նախատեսված ինտերնետը կսպառվեր մի քանի օրում: Այդ հարցը այս տարի լուծվել է շնորհիվ «Օրանժ» ընկերության, որը առաջարկել է ԵՊՀ-ի տարածքում ապահովել ինտերնետ կապ:

«Օրանժը դա անում է բարեգործական հիմունքներով, պայմանագիրը ստորագրել ենք, շուտով կկնքենք ընդհանուր համաձայնագիրը եւ ձրի Wi-Fi կունենանք համալսարանի ողջ տարածքում», - նշեց Արամ Սիմոնյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG