Մատչելիության հղումներ

Wikileaks.100 տարվա ընթացքում հայկական եկեղեցիների թիվը Թուրքիայում 2200-ից հասել է 45-ի


Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանը:
Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանը:

Դեռ մի քանի տարի առաջ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները համոզված էին, որ ուշ թե շուտ թուրքական կառավարությունը կրոնական փոքրամասնություններին կվերադարձնի 1936-ին ընդունված օրենքի համաձայն առգրավված գույքը:

Այս մասին տեղեկանում ենք Wikileaks-ի` օրերս գաղտնազերծած փաստաթղթերից, որոնց մի զգալի մասը նվիրված է Ստամբուլի հայ համայնքում տիրող կացությանը:

2009-ի հունվարի 26-ին Ստամբուլի ամերիկյան հյուպատոսությունից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունից, օրինակ, պարզ է դառնում, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու Թուրքիայում Միացյալ Նահանգների այն ժամանակվա դեսպան Ջեյմս Ջեֆրին բավական մանրամասնորեն քննարկել են ստամբուլահայ համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Դեսպանի հետ հեռախոսազրույցում Աթեշյանն ասել է. - «Հուսով եմ, որ թուրքական կառավարությունը հայ համայնքին կվերադարձնի առգրավված մոտ 250 շինություն»:

Wikileaks-ի հրապարակած մեկ այլ հաղորդագրության համաձայն, 2008-ի աշնանը Արամ Աթեշյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում նշել էր. - «1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցի կար: Այժմ մնացել են 45-ը»:

2008-ի աշնանը կայացած այս զրույցի ընթացքում Աթեշյանը նաեւ նշել էր, թե Թուրքիայում բնակվող հայերը պարզապես ցանկանում են օգտվել Սահմանադրությամբ ընձեռված իրավունքներից: «Մենք չենք ցանկանում ավելին, քան որեւէ թուրք», - ասել է արքեպիսկոպոսը:

Ստամբուլում եւ Անկարայում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների հետ 2008-ի աշնանը եւ 2009-ի տարեսկզբին տեղի ունեցած զրույցների ընթացքում Աթեշյանը բավական բարձր է գնահատել Էրդողանի կառավարության` փոքրամասնությունների հանդեպ որդեգրած քաղաքականությունը:

«Պատրիարքարանի հարաբերությունները իշխող կուսակցության հետ բավական սերտ են, «Արդարություն եւ զարգացում»-ը կրոնական կուսակցություն է, եւ մենք բավական հեշտությամբ ենք միմյանց հասկանում», - 2009-ի հունվարին Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրիին ասել է Աթեշյանը:

Նրա խոսքով, Ստամբուլի մահմեդականների առաջնորդի հետ կապերը եւս բավական սերտ են, նա եւս հաճախակի է այցելում Պոլսո պատրիարքարան: «Ընդհանուր առմամբ Թուրքիայի կառավարությունը մեր մտահոգությունները հաշվի առնում է եւ փորձում ակտիվորեն լուծել առկա խնդիրները», - նշել է Աթեշյանը:

Հակառակ կառավարության պահվածքին` հանրային տրամադրությունները Աթեշյանը պակաս լավատեսորեն է գնահատել: Խոսելով Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի ճակատագրի մասին` հայ հոգեւորականն ասել է. - «Անգամ եթե թիվ 301 հոդվածը վերանա, նրանց էությունը նույնն է մնալու»:

Պատրիարքի փոխանորդը նաեւ համոզմունք է հայտնել, որ փոքրամասնությունների խնդիրները լիարժեք կերպով հնարավոր կլինի լուծել միայն մեկ դեպքում` երբ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ:

Գաղտնազերծված փաստաթղթերից նաեւ տեղեկանում ենք, որ Աթեշյանը բավական բարձր է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված Անկարայի եւ Երեւանի ջանքերը: Դրա հետ մեկտեղ Աթեշյանը նշել է. - «Մենք հասկանում ենք, որ Սփյուռքն այս զարգացումներին չի սատարում: Թուրքիայի հայ համայնքը, սակայն, այլ վերաբերմունք ունի ապրիլի 24-ին եւ պատրաստ է դուրս գալ 1915 թվականի վատ իրադարձությունների շրջանակից», - ամերիկացի դիվանագետների պնդմամբ, նշել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը 2009-ի հունվարին կայացած զրույցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG