Մատչելիության հղումներ

logo-print
2008-ին հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրով` այսօր, հանրապետությունում գործում է 107 ավագ դպրոց: Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետն ասում է, որ ավագ դպրոցների ներդրմամբ, կրթական համակարգում լուրջ շրջադարձ է կատարվել` աշակերտների բացակայությունը նվազել է:

Ի տարբերություն Նարինե Հովհաննիսյանի, «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ավագ դպրոցներում սովորող աշակերտների ծնողները լուրջ եւ դրական շրջադարձ չեն նկատել, ավելին` դժգոհ են ավագ դպրոցի կրթական որակից:

«Ես 8-րդ դասարանցու ծնող եմ: Այն ավագ դպրոցը, որն այսօր առաջարկվում է պետության կողմից` անհասկանալի օրգանիզմ է, որն իմ կարծիքով դեռ ձեւավորված չէ, իսկ երեխան սովորում է այսօր ու ժամանակ չկա սպասելու, թե երբ դա իրականություն կդառնա», - ասաց ծնողներից մեկը:

Հայաստանում գործող կրթական համակարգի համաձայն` հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն ունի ուսումը շարունակել ավագ դպրոցում: Սակայն, ի տարբերություն հայկական դասարանների, ռուսական դասարան ավարտող աշակերտն ավագ դպրոցի ընտրության հնարավորություն գրեթե չունի:

Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք լուծվել են այս խնդիրները:

«Մենք բոլոր դպրոցներում արդեն կարգավորեցինք այդ խնդիրը: Այն համայնքներում, որտեղ չկային ռուսական դպրոցներ, այդ դպրոցները կլինեն եւ ոչ մի երեխա դրսում չի մնա: Կամ, եթե ռուսական դասարան չենք բացում, տվյալ դասարանում կստեղծենք բոլոր պայմանները, որ երեխաները ռուսական դասարանով ավարտեն»,- պատասխանեց նա:

Խնդիրն առկա է արդեն մի քանի տարի: Նարինե Հովհաննիսյանը դեռ նախորդ տարի էր «Մաքս լիբերթի»-ին փոխանցել, որ հարցը լուծված է, պատասխանն այս տարի էլ նույնն էր:

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում, սակայն, ռուսերենով սովորող 18 9-րդ դասարանցիներից այս տարի միայն մեկն է շարունակելու ուսումն ավագ դպրոցում: Խնդրի լուծման համար աշակերտների ծնողները նամակ-խնդրանքով դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն, բայց առայժմ պատասխան չեն ստացել:

Թեպետ հանրակրթության վարչության պետն այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս հարցը լուծված է, այդուհանդերձ Սեւան քաղաքի թիվ 3 տնօրեն Լիլիթ Սարգսյանը մեզ փոխանցեց, որ հարցն այդպես էլ որեւէ լուծում չի ստացել:

Խնդիրը լուծված չէ նաեւ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում, որտեղ ռուսերենով կրթություն է ստանում 327 աշակերտ` հիմնականում այլազգիներ: Անցած տարի հիմնական դպրոցը ռուսական դասարանում ավարտած շուրջ 50 աշակերտ ավագ դպրոց տեղափոխվելու խնդիր է ունեցել, քանի որ, ըստ տնօրեն Գայանե Սարուխանյանի, ռուսերենով ուսուցմամբ ավագ դպրոցները հանրապետությունում քիչ են:

«Ռուսական դասարանի բոլոր աշակերտները նույն անորոշությունն ունեն, որեւէ բան չի փոխվել»,- «Մաքս լիբերթի»-ին փոխանցեց Գայանե Սարուխանյանը:

Կրթության եւ գիտության նախարարության տվյալներով, ռուսերեն ուսուցմամբ գործող 36 դպրոցներից 12-ը տեղակայված են Երեւանում: Ընդհանուր առմամբ` հանրապետությունում ռուսերենով կրթություն ստացող աշակերտների թիվը շուրջ 8000 է:

Այս տարվա նորությունների շարքում է նաեւ դասագրքերի անվճար տրամադրումը` բացի օտար լեզվի եւ երգեցողության գրքերից: Հանրապետության բոլոր առաջին դասարանցիներին անվճար տրամադրվելու են այբբենարաններ եւ անկախության թեմատիկայով օրագրեր, որտեղ կլինեն նաեւ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ցանկն ու երկրի օրհներգը: Նոր ուսումնական տարում արդեն բեռնաթափված ծրագրով են ուսուցանվելու հայերեն եւ մաթեմատիկա առարկաները, մյուսներն ընթացքի մեջ են:

Ավարտվել է տնօրենների հավաստագրման գործընթացը: Աշնանը կսկսվեն ոսուցիչների ատեստացիաները:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով, ուսուցիչների շուրջ 20 տոկոսը պետք է մասնակցի ատեստացիաներին:

Ուսուցիչները ատեստացիային կմասնակցեն երկու փուլով, որի ընթացքում կորոշվի ուսուցչի տարակարգը (ըստ տարակարգի կարգավորվում է նաեւ աշխատավարձը):

XS
SM
MD
LG