Մատչելիության հղումներ

logo-print

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ երեքշաբթի օրը 44 ՀԿ-ներ կնքեցին մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքը:

Դաշինքը կնքվեց ՀԿ-ների միջեւ, քանի որ դրա նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը առողջապահական խնդիրների լուծման գործում:

Դաշինքն ուղղված է մանկական եւ մայրական մահացության նվազեցմանը, առողջապահության ոլորտում իրականացվող ֆինանսավորման կայունացմանը, հանրային առողջապահական կրթության բարձրացմանը, մայրերին եւ երեխաներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիության եւ որակի բարելավմանը եւ այլն: Կազմակերպիչները նշում են, որ ծառայությունների հասանելիությունը մեծ խնդիր է հատկապես մարզերում:

«ՀԿ-ն կարող է ասել գյուղապետին, որ նա պետք է այնպիսի միջոցներ ստեղծի, որ ձմռանը հղի կինը կարողանա հասնել հիվանդանոց, այլ ոչ թե ծննդատուն բացի գյուղում», - ասաց Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջապահության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Դաշինքը ստորագրեցին նաեւ ՀԿ-ներ Գավառից, Վարդենիսից, Թալինից: Ըստ Կարինե Սարիբեկյանի` գյուղերում առկա են նաեւ սոցիալ-մշակութային գործոններ, որոնք կարող են խոչընդոտել կանանց` առողջապահական ծառայություններից օգտվելուն:

«Գյուղի հարսը առանց որեւէ մեկի ուղեկցության չի գնա մարզկենտրոն կոնսուլտացիայի: Գիտելիքների պակասը, սոցիալական վատ ապահովվածությունը, վաղ ամուսնութունները` բոլորը խնդիրներ են, որ առկա են մեր գյուղերում», - նշեց Կարինե Սարիբեկյանը:

Դաշինքը ստորագրեցին նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած չեն առողջապահության ոլորտում: Սարիբեկյանի ձեւակերպմամբ` առողջության պահպանման գործընթացում առողջապահության համակարգի՝ հիվանդանոցի, բուժաշխատողների դերը չի գերազանցում 15 տոկոսը եւ, թե մարդ որքան առողջ կլինի, կախված է նաեւ նրա կյանքի սոցիալական պայմաններից, սննդից, կենցաղից:

Այդ պատճառով, ըստ նրա, դաշինքին միացած ՀԿ-ները, որոնք մասնագիտացած չեն առողջապահության ոլորտում, կարող են, օրինակ, առողջապահության պահպանման վերաբերյալ ուսուցում կազմակերպել դպրոցներում, ազդեցություն ունենալ ոլորտին վերաբերող քաղաքական որոշումների վրա, իրազեկում եւ քարոզչություն իրականացնել:

«Մենք չենք պատրաստվում ինչ-որ խնդիրներ լուծել, այլ ուզում ենք խնդիրները վեր հանել», - ասաց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Ղարախանյանը:

XS
SM
MD
LG