Մատչելիության հղումներ

Գնդապետ Քադաֆիի ընտանիքն ապաստանել է Ալժիրում


Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան (ձախից), դուստրը` Այշան եւ որդին` Հանիբալը

Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան (ձախից), դուստրը` Այշան եւ որդին` Հանիբալը

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիա Ֆարքաշը, 34-ամյա դուստրը` Այշան եւ երկու որդիները` 41-ամյա Մուհամադն ու 34-ամյա Հանիբալը երկուշաբթի օրը տեղափոխվել են Ալժիր:

Լիբիայի ընդդիմադիրների կազմած ժամանակավոր վարչակազմի` Անցումային ազգային խորհրդի ղեկավարները զայրույթով են արձագանքել նրանց փախուստին եւ պնդել են, որ Ալժիրը պարտավոր է անհապաղ Տրիպոլի վերադարձնել Քադաֆիի հարազատներին:

Ալժիրի արտգործնախարարությունը չորս փախստականներին ընդունելու մասին պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաեւ Լիբիայի ապստամբների ղեկավարներից Մահմուդ Ջիբրիլին:

Մուամար Քադաֆիի ճակատագրի մասին Ալժիրի իշխանությունները որեւէ տեղեկություն չեն հայտնել, միայն նշել են, որ գնդապետի ազգականներին ապաստան են տվել` ղեկավարվելով սոսկ մարդասիրության սկզբունքով:

Բրիտանական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ գնդապետի դուստրը հղի է, հղիությունը շատ ծանր է անցնում, քանի որ նյարդային ապրումների արդյունքում Այշան հայտնվել է դեպրեսիայի վիճակում:

Ալժիրը հայտնել է, որ պատրաստ է Քադաֆիի հարազատներին տրամադրել որեւէ երրորդ երկիր տեղափոխվելու հնարավորություն:

Մինչդեռ, Լիբիայի անցումային ազգային խորհրդի խոսնակ Մահմուդ Շամամը հայտարարել է, թե Ալժիրի քայլը որակում է որպես ագրեսիա:

«Դա Լիբիայի ժողովրդի, նրա երազանքների եւ ձգտումների նկատմամբ ագրեսիայի ակտ է, մենք իրավական բոլոր միջոցներով պահանջելու ենք վերադարձնել այդ հանցագործներին, որոնք կկանգնեն դատարանի առաջ», - ասել է Շամամը եւ ավելացրել. - «Մենք նախազգուշացնում ենք` բոլոր նրանք, ովքեր կփորձեն ապաստան տրամադրել Քադաֆիին կամ նրա ընտանիքին, կհամարվեն Լիբիայի ժողովրդի թշնամիներ, եւ ժողովուրդը նրանց աշխարհով մեկ կհետապնդի»:

Չորս փախստականներից մեկը Մուհամադ Քադաֆին է` գնդապետի միակ զավակն առաջին կնոջից` Ֆաթիհայից: Մուհամադը ղեկավարել է Լիբիայի օլիմպիական կոմիտեն, ինչպես նաեւ Փոստային եւ հեռահաղորդակցության ընկերությունը, որի տնօրինության տակ են բջջային կապի եւ ինտերնետի օպերատորները:

Հանիբալը աշխատել է ծովային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունում, որի հիմնական բիզնեսը նավթի արտահանումն էր: Նա հայտնի է լկտի պահվածքով եւ արեւմտյան հոթելներում սկանդալային պատմություններով:

Այշան իրավաբան է, աշխատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի փաստաբանների խմբում, նրա ամուսինը գնդապետ Քադաֆիի հորեղբոր որդին է:

Երեքշաբթի օրվա երկրորդ կեսին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ալժիրի կառավարության անանուն պաշտոնյային, հաղորդեց, որ Քադաֆիի դուստրը աղջիկ է ծննդաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG