Մատչելիության հղումներ

WikiLeaks. 2006-ին ֆրանսիական ընկերությունները բոյկոտելու կոչը Թուրքիայում միանշանակ չէր ընդունվել


Թուրքիա - Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկվող` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ բողոքի ցույց Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության դիմաց, 8-ը հոկտեմբերի, 2006թ.
Թուրքիա - Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկվող` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ բողոքի ցույց Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության դիմաց, 8-ը հոկտեմբերի, 2006թ.
Բազմաթիվ փաստաթղթերի շարքում WikiLeaks կայքը հրապարակել է նաեւ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան մի հաղորդագրություն, որը ուղարկվել է 2006 թվականի հոկտեմբերին:

Այն ներկայացնում է Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի Ազգային ժողովում 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի ընդունմանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծը թեեւ ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից, սակայն Սենատում չի հաստատվել:

WikiLeaks-ի հրապարակած հաղորդագրությունը վերնագրված է հետեւյալ կերպ` «Արդյո՞ք Թուրքան իրոք կբոյկոտի ֆրանսիական ընկերությունները` ցեղասպանությանը վերաբերող օրինագծի քվեարկության պատճառով»: Այնտեղ մանրամասնորեն ներկայացված են Թուրքիայի գործարար եւ կառավարական շրջանակների տրամադրությունները:

Չնայած շատ պաշտոնյաներ, այդ թվում եւ վարչապետ Էրդողանը եւ գործարար առաջնորդները, հորդորում էին հանրակությանը հանգստություն պահպանել մինչեւ Ֆրանսիայի Սենատի վերջնական որոշումը, Թուրքիայի սպառողների իրավունքների միությունը կոչ էր արել բոյկոտել շաբաթական մեկ ֆրանսիական ընկերություն` սկսելով նավթամթերքի առեւտրով զբաղվող Total ընկերությունից, որը 500 լցակայան ունի Թուրքիայում:

Ըստ WikiLeaks-ի` թուրք գործարարները միանշանակ չեն ընդունել Սպառողների իրավունքների միավորման կոչը ֆրանսիական ընկերությունները բոյկոտելու վերաբերյալ:

Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Փեքին Բարանը, օրինակ, ասել է, որ Թուրքիայի լավագույն պատասխանը Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշմանը` բարեփոխումները արագացնելն ու դեպի Եվրոպա շարժվելն է:

Թուրքիայի ապրանքահումքային բորսաների եւ առեւտրային պալատի նախագահ Ռիֆաթ Հիշարչիքլիօղլուն կարծիք է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները բոյկոտելը ավելի մեծ վնաս կհասցնի Թուրքիային, քան Ֆրանսիային, եւ միաժամանակ հավելել, որ Թուրքիան կարող է Ֆրանսիային զրկել մի շարք խոշոր տենդերներին մասնակցելուց, ինչը հզոր ուղերձ կլինի Ֆրանսիային:

Արտաքին ներդրումների ասոցիացիայի նախագահ Սաբան Էրդիքլերը եւս կարծիք է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները բոյկոտելուց Թուրքիան ավելի շատ վնաս կկրի, քան օգուտ կստանա: Նա հայտարարել է, որ քաղաքական խնդրի առաջին պատասխանը եւս պետք է քաղաքական հարթությունում լինի:

Ըստ WikiLeaks-ի հողորդագրության` բոյկոտի վնասի մասին նաեւ վարչապետ Ռեջեփ էրդողանն է խոսել: Թուրքիայի վարչապետն իր ելույթում կոչ է արել հանրությանը հանգստություն պահպանել, քանի դեռ վերջնական որոշումը Սենատի կողմից չի կայացվել: Նա հավելել է, որ Ֆրանսիայի հետ Թուրքիայի առեւտրի ծավալը 10 միլիարդ դոլար է, ինչը Ֆրանսիայի ընդհանուր առեւտրաշրջանառության միայն 1.5 տոկոսն է կազմում, եւ այս թվերին հղում անելով` էրդողանը հայտարարել է, որ բոյկոտը արդյունավետ չի լինի:

Եվրամիության դիվանագետներից Անկարայում հայտնել են ամերիկյան դեսպանատանը, որ Եվրամիության մի անդամի կողմից մյուսի բոյկոտումը արգելված է, եւ եթե Թուրքիան նման քայլի գնար, ապա դա Եվրամիությանը երկրի ինտեգրման գործընթացը լրջորեն կվնասեր:

Անկարայից ուղարկված հաղորդագրության եզրակացություն մեկնաբանության մեջ ասվում է. - «Թեեւ մենք ակնկալում ենք, որ այս հարցը արագորեն կկարգավորվի, եթե գործը Սենատ չհասնի, սակայն քանի որ Փարիզում քննարկումները շարունակվում են, մենք կանխատեսում ենք, որ կոշտ հայտարարությունները հանրային կամ մասնավոր ոլորտների պաշտոնյաների կողմից կպահպանվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG