Մատչելիության հղումներ

Օգոստոսի 30-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների հետ երկխոսություն սկսելով` Կոնգրեսը ցույց տվեց, որ հավատում է բանակցությունների միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությանը: Ավելին` այդ ընթացքում հրավիրված մի քանի հանրահավաքները ցույց տվեցին, որ Կոնգրեսի համակիրների մի մասը նույնպես հավատում է այդ հնարավորությանը… Հիմա եթե Կոնգրեսին չհաջողվեց բանակցությունների միջոցով հասնել իշխանափոխության, մնում է հանրահավաքային ակտիվ պայքարի ճանապարհը, որովհետեւ նպատակը չի փոխվել: Այդ իրավիճակը, ի դեպ, միանգամայն կանխատեսելի էր, բայց դա ոչինչ չի նշանակում. ցանկացած բժիշկ պարտավոր է վիրահատելուց առաջ նախ փորձել դեղամիջոցներով բուժել, եթե չհաջողվի` նոր միայն դիմել վիրահատական միջամտության»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդդիմության պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը ասել է, որ երկխոսության շարունակությունը կախված է իշխանության քայլերից: «Խաղի կանոններ կային, որի շրջանակներում պիտի երկխոսությունը լիներ, այդ խաղի կանոնները խախտվել են, հիմա մենք սպասում ենք իշխանության կողմից ինչ քայլ կարվի», - ասել է Վահագն Խաչատրյանը` շեշտելով, որ Կոնգրեսը արդեն հստակ հայտարարել է, որ երկխոսությունը կարող է վերսկսվել, եթե Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխվի: Վահագն Խաչատրյանը նաեւ ասել է, որ իրենք իրավական հարցապնդում չէին արել, որ իշխանական պատվիրակությունն էլ իրավական հարց լուծի: «Մենք ասել ենք, որ խնդիրը իրավական դաշտում լուծելու ձեւ կա, որը նշանակում է` երաշխավորությամբ խափանման միջոցը փոխել: Դա չի նշանակում խառնվել իրավական գործընթացներին, ոչ ոք նրանց չի ասել, որ Տիգրան Առաքելյանը ճիշտ է կամ սխալ: Այդ իրենք են միանշանակ գնահատականներ տալիս: Մենք ասում ենք, որ մինչեւ դատարան մտնելը խափանման միջոցը թող փոխեն», - ասել է նա:

«Առավոտ»-ը նույն զարգացումների շուրջ զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ եք կարծում, աշնանը քաղաքական զարգացումները ի՞նչ ընթացք կստանան»: Պատասխան. - «Դե, հիմա խոսում են հանրահավաքային ձեւին վերադառնալու մասին: Հետո, կարծում եմ, նորից կսկսեն ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինոլոգիայի ակտիվացումը: Այժմ ակնհայտ է, որ Ազգային ժողովի եւ առավել եւս` նախագահական արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունը արդեն հրապարակից դուրս է գալիս: Բայց ընտրություններից մի քիչ առաջ, այնուհանդերձ, ներքին պայմանավորվածություններ կլինեն, որից հետո ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինոլոգիան կդադարի ակտիվ լինելուց, եւ կլինեն հանուն երկրի` կառուցողական ծրագրերի շուրջ բանակցություններ, հավանական են խոսակցությունները, որ ՀԱԿ-ը Ազգային ժողովում կունենա ընդդիմադիր թեւ ու այդպիսով կհավասարակշռի»: Հարց. - «Իսկ այս ամենում ո՞րն է հասարակության տեղը, դերը, շահը: Պատասխան. - «Ես չեմ տեսնում»:

«Երկիր»-ը զրուցել է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ-իշխանություն երկխոսության դադարեցումը կհանգեցնի՞ արդյոք նոր քաղաքական լարվածության աշնան ամիսներին»: Պատասխան. - «Շատ ավելի կարեւոր գործոններ կարող են հանգեցնել հասարակական ընդվզումների: Սոցիալական լարվածությունը գնալով մեծանում է, եւ ժողովրդի կենսամակարդակը շարունակում է շեշտակի անկում ապրել: Տիգրան Սարգսյանի վարած անհասկանալի տնտեսական քաղաքականությունը բերել է մի վիճակի, որ գրեթե ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակական գործիչ, այդ թվում` ՀԱԿ-ը, ցանկացած պահի ժողովրդին կարող է փողոց դուրս բերել: Այսօր առկա իրավիճակից դժգոհ են թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները, թե՛ պետծառայողները: Հատուկ ուզում եմ ընդգծել ՀՀԿ-ն: Այս կուսակցությունը կա՛մ շարունակում է սատարել այս կառավարությանն ու վերցնել ողջ պատասխանատվությունը սերունդների առաջ, կա՛մ հստակ տարանջատվում է այս ամենից: Այլ տարբերակ գործնականում չկա»:

«Հրապարակ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ («Բարգավաճ Հայաստան»), որը ՀԱԿ-ի հրապարակած 76 ոչ լեգիտիմ պատգամավորներից է, «Գարուն» ԲԲԸ-ի, «Բեքսա ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը: Տիկին Ենոքյանը հերթական հարցախույզի ժամանակ, ինչպես վերոնշյալ ցուցակում ընդգրկվածներից շատերը, կտրականապես հրաժարվել է, որ ինքը բիզնեսով է զբաղվում: Լրագրողը հարցրել է. - «Չէ՞ որ բիզնեսն ու օրենսդիր աշխատանքը համատեղելը հակասում են Սահմանադրությանը, եւ հետո՝ ո՞վ չգիտի, որ այդ պատգամավորների համար Ազգային ժողովն ուղղակի «կրիշ է»: Պատասխան. - «Ի՞նչ կրիշ, նրանք հազարավոր բանվորներ են պահում, դրանից փողեր ա գնում սոցիալական բյուջե: Հիմա նրանք ի՞նչ կրիշ են, նրանք արտադրություն են պահում, նրանք հազարավոր բանվորներ են պահում, էդ մարդիկ աշխատում են՝ գլուխները պահում են, գոնե էսքանը չեն փախչում: Մի քիչ էլ ազգի մասին մտածեք, սենց հո չի՞ լինի, ընկել եք մեր… հլը մի հատ տեսեք՝ էս թազա լակոտ-լուկուտները հնարավորություն ունե՞ն կազմակերպեն, կատարեն որեւիցե աշխատանք, բիզնես պահեն, բանվոր պահեն, աշխատանքով ապահովեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG