Մատչելիության հղումներ

Ալավերդիում մեկնարկում է քաղաքապետի թափուր տեղի համար նախընտրական քարոզարշավը


Ալավերդիում սեպտեմբերի 11-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են սպասվում։ Թեկնածուների առաջադրումն արդեն ավարտվել է։ Վաղը` օգոստոսի 30-ին սկսվում է նախընտրական քարոզարշավը։

Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակվեց։ Նա Ալավերդին ղեկավարում էր 2005 թվականից։

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են Ալավերդու արդեն նախկին փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդու ներքաղաքային երթեւեկությունը կանոնակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանը։

Արտավազդ Վարոսյանը Հանրապետական կուսակցության Թումանյանի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահն է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ընտրվելու դեպքում շարունակելու է նախկին քաղաքապետի ժամանակ ընտրված կուրսը։ Քաղաքում կան մի շարք խնդիրներ, սակայն Արտավազդ Վարոսյանի խոսքով առաջնային է աշխատատեղերի ստեղծման հարցը։

Իր հակառակորդ թեկնածուին` Կամո Բաբայանին, Արտավազդ Վարոսյանը ճանաչում է որպես համաքաղաքացի։

«Իշխանության թեկնածուն ես եմ, քանի որ առաջադրվել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կազմակերպության խորհրդի որոշմամբ: Ես որքան տեղեկացված եմ` մյուս թեկնածուն ինքնաառաջադրվել է` լինելով Կոմունիստական կուսակցության անդամ», - նշեց Արտավազդ Վարոսյանը: Նա հավելեց, սակայն, որ չի թերագնահատում մրցակցին եւ չի գերագնահատում սեփական ուժերը:

Ալավերդու քաղաքապետի թեկնածու Կամո Բաբայանը հրաժարվեց հեռախոսով հարցազրույց տալ` պատճառաբանելով, որ կցկտուր կխոսի եւ չի կարողանա տված հարցերին ամբողջական պատասխան տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG