Մատչելիության հղումներ

Wikileaks-ի կողմից ուրբաթ օրը գաղտնազերծված` Հայաստանին վերաբերող շուրջ 1000 դիվանագիտական փաստաթղթերի թվում է նաեւ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանության 2008 թվականի ապրիլի 9-ի հաղորդագրությունը, որում դեսպանատան գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ամփոփում է մարտի 1-ի իրադարձություններին հետեւած զարգացումները:

Հիմնական իրողությունը, որը արձանագրում է ամերիկացի դիվանագետը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հետ կապված դժվարություններն են:

«Լիարժեք, հրապարակային տեղեկատվության բացակայությունը նպաստում է լուրերի տարածմանը, որոնց համաձայն զոհերի թիվը շատ ավելի մեծ է, իսկ կառավարությունը ցանկանում է թաքցնել փաստերը: Լայնորեն տարածված խոսակցություններից եւս մեկի համաձայն, կառավարությունը մարդկանց սպանությունները նախապես է ծրագրել` հետագայում արտակարգ դրություն մտցնելու, ընդդիմությանը ճնշելու, ընդդիմության առաջնորդներին` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վարկաբեկելու նպատակով», - գրում է Փենինգթոնը` նկատելով. - «Այն հանգամանքը, որ զոհվածների հարազատների մեծ մասը խուսափում է հրապարակել մահվան հանգամանքներին վերաբերող մանրամասները, էլ ավելի է արժեւորում շրջանառվող այս լուրերը»:

«Լուրեր էին շրջանառվում նաեւ ծպտված դիպուկահարների մասին, որոնք սպանում էին ցուցարարներին, որպեսզի հետագայում իշխանությունները կարողանան արտակարգ դրություն մտցնել` այդ քայլը պատճառաբանելով հետագա զոհերը կանխելու ցանկությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:

Որպես Հայաստանում պտտվող լուրերի հանդեպ վստահություն ներշնչող եւս մի գործոն Ջոզեֆ Փենինգթոնը մատնանշում է «YouTube-ում հայտնված երկու վիճահարույց տեսանյութերը, որոնցից մեկում անվտանգության ուժերը կրակում են ենթադրյալ ցուցարարների ուղղությամբ, իսկ մյուսում` վրաերթի ենթարկում նրանց»:

Ամերիկացի դիվանագետն արձանագրում է, որ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած բախումներից մի քանի օր անց արդեն ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես դիմել է հայաստանյան իշխանություններին` մանրամասն տեղեկություններ տրամադրելու խնդրանքով:

«Համապատասխան դիվանագիտական նոտան դեսպանությունն ուղարկել էր մարտի 5-ին: Պատասխանը, որ ստացվեց միայն մարտի 24-ին, իրենից ներկայացնում էր Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվությունը` թվագրված մարտի 10-ով: Հավելյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքին ի պատասխան Գլխավոր դատախազությունը պահանջել է դեսպանությունից եւս մեկ դիվանագիտական նոտա ուղարկել»,- նշում է Փենինգթոնը:

Անդրադառնալով զոհերի պաշտոնական թվին, որը հաղորդագրությունը գրելու պահին ութն էր, Փենինգթոնը նկատում է. - «Մարտի 1-ի երեկոյան նախագահ Քոչարյանի կողմից արտակարգ դրության ռեժիմի հայտարարելուց հետո, լրատվամիջոցներին հնարավորություն տրվեց միմիայն պաշտոնական տեղեկատվություն հաղորդել: Լրատվամիջոցների գործունեության վրա սահմանված այս արգելքի հետեւանքով լուրերը սկսեցին շրջանառվել անգամ մինչեւ մարտի 2-ին բախումների ավարտը: Այդ լուրերի թվում էին, մասնավորաբար, զոհերի շատ ավելի մեծ թվի մասին շշուկները, որոնց համաձայն մարտի 1-2-ին զոհվածների թիվը տատանվում էր 20-ից 50-ի միջակայքում: Լուրեր կային նաեւ Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան զոհված 12-ամյա աղջկա մասին, բայցեւայնպես, ապրիլի 3-ին երեխայի հայրը հանդես եկա հրապարակային հայտարարությամբ` հերքելով իր դստեր սպանության մասին լուրերը», - նշում է ամերիկացի դիվանագետը` հավելելով, որ հաղորդագրությունը գրելու պահին չկա որեւէ տեղեկություն, որի հիման վրա հնարավոր լինի պնդել, թե զոհերի թիվն ավելին է, քան պաշտոնապես հիշատակված ութը:

Խոսելով YouTube-ում հայտնված տեսագրությունների մասին, որոնցից մեկում երեւում է, թե ինչպես են անվտանգության ուժերը կրակում հորիզոնական ուղղությամբ` Ջոզեֆ Փենինգթոնը գրում է. - «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ տեսանյութն անմիջապես կեղծված որակեց` փորձագիտական հետազոտության համար դիմելով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ»:

Հետմարտիմեկյան շրջանի եւս մեկ վիճահարույց խնդիր, որն առաջ է բերել ընդդիմադիրների եւ նրանց աջակիցների դժգոհությունը, իշխանությունների, ինչպես Փենինգթոնն է բնութագրում` «անզգայությունն է ութ զոհերի հիշատակը հարգելու հարցում»:

«Ընդդիմադիր շրջանակները նկատում են, որ նախագահ Քոչարյանը ներկա գտնվեց ոստիկանության սպանված կապիտանի հուղարկավորությանը, սակայն մյուս յոթ զոհերի դեպքում նույնը չի արվել: Ընդդիմադիր ճամբարի որոշ ներկայացուցիչներ պահանջում էին սգո օր հայտարարել, սակայն այդ պահանջն այդպես էլ իրականություն չդարձավ», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Մյուս կողմից Փենինգթոնը նկատում է, որ զոհերի հարազատները խուսափում են շփումներից. - «Լուրեր կան, որ զոհերի հարազատների նկատմամբ ճնշումներ են գործադրում կամ կաշառում, որպեսզի նրանք «ակտիվություն չցուցաբերեն»:

Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարն իր հաղորդագրությունն ավարտում է հետեւյալ եզրահանգմամբ. - «Թերեւս կարող ենք արձանագրել, որ մարտի 1-2 բախումների մասին լիարժեք ճշմարտությունը ոչ Հայաստանի հասարակությունը, եւ ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա: Չնայած իշխանությունների եւ ընդդիմության վարկածները իրարամերժ են, այդուհանդերձ դրանց բնույթը լուրջ մտահոգության տեղիք է տալիս` առկա ճգնաժամին իշխանությունների արձագանքի վերաբերյալ: Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը հրապարակայնորեն հաշվետու չէ այն կոշտ եւ մահվան հանգեցրած միջոցների համար, որ ձեռնարկվել են: Քանի դեռ իշխանությունները անկախ ու թափանցիկ միջոցներով Հայաստանի քաղաքացիներին չեն բացատրել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի մութ ժամերին, այս իրադարձությունների խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG