Մատչելիության հղումներ

Համավճարի ներդրումը «չի տվել բոլոր հարցերի պատասխանները»


Բժշկական հաստատություններում արդեն վեց ամիս է անվճար (պետպատվեր) եւ վճարովի համակարգերին զուգահեռ գործում է համավճարի համակարգը, երբ բուժման գումարի մի մասը վճարում է հիվանդը, մի մասը` պետությունը:

Կա կառավարության կողմից հաստատված հատուկ հիվանդությունների եւ բուժսպասարկման ցանկ, ըստ որի որոշվում է, թե որ համակարգով է հիվանդը բուժվելու:

Համակարգի կիրառումից վեց ամիս անց Շիրակի մարզի բուժաշխատողներն ասում են, որ այն իրականում կտրուկ չի բարձրացրել իրենց աշխատավարձերը, ինչպես խոստացվել էր, բացի այդ հիվանդներից շատերն էլ ի վիճակի չեն վճարելու համավճարը: (Համավճարի 20 տոկոսն ուղղվում է բժշկի աշխատաավարձի բարձրացմանը, որով փորձ էր արվելու ստվերում շրջանառվող գումարը, որ հիվանդը տալիս էր բժշկիին եւ բուժքրոջը, բերել օրինական դաշտ եւ անհամեմատ բարձրացնել բժշկի աշխատավարձը:)

Շիրակի մարզային հիվանդանոցի տնօրեն Սաթենիկ Բեյբությանը, համավճարի կիրառումը դրական համարելով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է. - «Թերապեւտների աշխատավարձը չի գերազանցում 90, 100-110 հազար դրամը, բայց սրտաբանների աշխատավարձը բարձրացել է մինչեւ 200-220 հազար դրամ»:

Մարզային հիվանդանոցի կարդիոլոլգիայի բաժանմունքի բժշկուհի Ծովինար Մինասյանի խոսքով` հիվանդների վճարումները այնպիսի մեծ թիվ չեն կազմում, որ աշխատավարձը նկատելիորեն աճի:

«Հիմնական գործոնը սոցիալական գործոնն է: Հիվանդների մեծ մասը չեն դիմում բժշկին, կամ 1-2 օր են ստացիոնար բուժում ստանում, վճարունակ չեն», - ասաց մարզային հիվանդանոցի բժշկուհին:

Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը եւս նշում է, որ կան դեպքեր երբ հիվանդն իմանում է, որ համավճարով է բուժվելու, դուրս է գրվում հիվանդանոցից:

«Հենց սկզբից հիվանդների հոսպիտալիզացիան է շատ կարճ եղել, երբ խոսքը գնացել է համավճարի մասին: Հիվանդներ կան, որոնք սրտամկանի ինֆարկտով կամ ինսուլտով, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, առաջին 2-3 օրվա ընթացքում հեռանում են հիվանդանոցից: Նման դեպքերում չենք պահանջում համավճար մուծել եւ դա ճիշտ չէ: Դրանք այն հիվանդներն են, որոնք բուժման կարիք ունեն, սակայն չեն բուժվում հիվանդանոցում», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը համավճարի մեխանիզմի ներդրումից 6 ամիս անց հանգել է երկու հետեւության. - «Բնակչության մեջ կա խավ, որը դժվարանում է համավճար մուծել: Այսինքն բոլոր հարցերի պատասխանը չէ, որ տրվեց համավճարի ներդրմամբ եւ երկրորդը` համավճարը աշխատավարձի մեծ բեկում չէր կարող առաջացրնել: [Բժիշկների] աշխատավարձը` 100-150-180-200 հազար դրամը բարձր թիվ չէ այսօր»:

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG