Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի աջակցությամբ կստեղծվի հիմնադրամ երիտասարդ գիտնականներին օժանդակելու համար


Facebook սոցիալական ցանցում ամիսներ առաջ երիտասարդ գիտնականների ջանքերով սկիզբ առավ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, որը սկսեց վիրտուալ եւ իրական տարածքում քննարկել Հայաստանի գիտության խնդիրներն ու ֆինանսավորումը:

Գիտնականները պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում: Նրանց խոսքով, գիտնականների միջին տարիքը Հայաստանում 58 տարեկանն է, միջին աշխատավարձը` 50 հազար դրամ: Երիտասարդները վստահ են, որ Հայաստանում գիտության ֆինանսավորումը թերի է եւ սպառնում է որակյալ գիտության գոյությանը, իսկ ֆինանսավորումը համարում են ներդրում Հայաստանի ավելի լավ ապագայի համար:

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների նախաձեռնությամբ շաբաթ կիրակի օրերին Ծաղկաձորի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում հավաքվել էին երիտասարդ գիտնականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, ԱԺ խմբակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ` քննարկելու «Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման եւ ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները»:

«Գիտության ֆինանսավորումը ռազմավարական նշանակություն ունի, ես կարծում եմ, որ բանակից հետո առաջին ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը գիտությունն է», - նշում է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Սեմինար- քննարկման մասնակիցների հետ չնախատեսված հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով կիրակի այցելել էր Երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի կենտրոն` ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին:

Համաժողովի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները եկան նախնական պայմանավորվածության գիտությանը հատկացվող ծախսերը 2012թ. ՀՀ պետական բյուջեում հասցնել 3%-ի, ինչի մասին գիտնականներից մեկը հայտնեց ՀՀ նախագահին, ով անհավանական համարեց բյուջեից գիտությանը հատկացվող գումարի հնարավոր աճը:

«Ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում գիտությունը, եւ դա շա՞տ է, թե՞ քիչ, լա՞վ է կառավարվում, թե՞ վատ է: Փորձե՛ք տեսնել` այդ միջոցները արդյոք արդյունավե՞տ են ծախսվում, թե՞ չէ: Որպես երիտասարդ շահագրգռված գիտնականներ` գոնե միայն ակադեմիական համակարգի համար փորձե՛ք տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան հաստատությունների եւ այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե՞ ուղղակի կան հաստատություններ, որոնք թղթի վրա են», - նշեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը խոստացավ առաջիկա ամսվա ընթացքում առանձին հանդիպում ունենալ երիտասարդ գիտնականների հետ` լսելու նրանց պահանջները ավելի հստակ ձեւակերպմամբ:

«Ես միայն մի բան կարող եմ խոստանալ, որ մեր հանդիպման արդյունքում կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Ծաղկաձորում սեմինար-քննարկումները կազմակերպվել էին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԱՄՆ-ի շրջանավարտների ասոցիացիայի եւ «Արմակադ» գիտական ցանցի ջանքերով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG