Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը առայժմ չի արձագանքել Տիգրան Առաքելյանի կալանքի որոշման դեմ բողոքին


Տիգրան Առաքելյանը (կենտրոնում) ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվ
Տիգրան Առաքելյանը (կենտրոնում) ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Վճռաբեկ դատարանը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել իր պաշտպանյալի կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքին:

«Դեռեւս որեւէ նորություն չունենք բողոքի` վարույթ ընդունվելու եւ չընդունվելու հետ կապված», - նշեց Էլբակյանը:

Փաստաբանը պնդում է, որ կան բոլոր իրավական հիմքերը` Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու համար:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո: Նրան առաջադրվել է մեղադրանք երեք հոդվածներով` խուլիգանության, ոստիկանի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնության կիրառման կասկածանքով:

Օգոստոսի 9-ի միջադեպի կապակցությամբ բերման էին ենթարկվել 7 ընդդիմադիր երիտասարդներ, որոնցից չորսն ազատ էին արձակվել: Տիգրան Առաքելյանից բացի ձերբակալվել էին երկու ընդդիմադիր ակտիվիստներ` Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը, ովքեր ազատ արձակվեցին օգոստոսի 19-ին` Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Դատարանը, սակայն, մերժեց հայցվոր կողմի դիմումը` գրավի դիմաց ազատ արձակել այս գործով ամենածանր մեղադրանքներով կալանավորված Տիգրան Առաքելյանին:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կախված քաղաքական իրավիճակից` Վճռաբեկ դատարանը կարող է Տիգրան Առաքելյանի կալանքի հարցը լուծել անգամ 10 րոպեի ընթացքում:

«Ես ասում եմ 10 րոպե, որովհետեւ հայկական արդարադատության մեջ ամեն ինչ հնարավոր է», - նշեց Արմեն Խաչատրյանը` հավելելով. - «Տիգրան Առաքելյանը քրեորեն պատժելի արարք չի կատարել: Այս պարագայում Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը բացառապես կախված կլինի պետական պատվերից, քանի որ Տիգրան Առաքելյանը ակնհայտ քաղաքական հալածյալ է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG