Մատչելիության հղումներ

«Վրաստանն ու Ադրբեջանը ծանր պահերին մեկմեկու սատարել են»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվային լուսանկար

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվային լուսանկար

Բաթումիում անցած շաբաթավերջին մեկնարկել է «Ադրբեջան. անկախ պետականության վերականգնման 20-րդ տարին» խորագրով համաժոողովը:

Օգոստոսի 28-ին սկսված համաժողովի օրակարգում է նաեւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների ինտեգրման խնդիրը:

Ելույթ ունենալով բացմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե որոշ ուժեր վերջին շրջանում խոսում են Վրաստանում բնակվող ադրբեջանցիների դժվարությունների մասին` նպատակ ունենալով վնաս հասցնել վրաց - ադրբեջանական հարաբերություններին:

«Կան ուժեր, որոնք քաղաքացիական իրավունքների պաշտպանության պատրվակով են շահարկում են առկա խնդիրները: Մենք պետք է թույլ չտանք կողմնակի ուժերին կանգնել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ», - ասել է Հասանովը` չմանրամասնելով, թե խոսքը որ ուժերի մասին է:

Նա հավատացրել է, թե նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Միխեիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ հաշվի է առնում ազգային, կրոնական փոքրամասնությունների շահերը:

Հասանովը ասել է, թե Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական իրողությունները երեք երկրներին թելադրում են ապրել խաղաղության պայմաններում եւ սատարել իրար: Երեքն էլ անցած դարի 1918-20 թվականներին միաժամանակ են անկախություն ստացել եւ համակարգված են գործել:

Այս պատմական էքսկուրսից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան պնդել է, թե «ադրբեջանցի ժողովուրդը հայոց երկիր եւ մայրաքաղաք ստեղծելու նպատակով հայերին է նվիրել իրեն պատկանող Իրեւանի խանությունն ու Էրիվան քաղաքը»:

Նա ասել է, թե նման շռայլության օրինակներ շատ կան Հարավային Կովկասում, սակայն եղել են նաեւ անջատողականության դրսեւորումներ, երբ ազգերը միմյանց չեն ընդառաջել: Դրա օրինակներն են Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները:

«Այդ ամենը խրախուսվել է դրսից եւ երկպառակություն սերմանել Հարավային Կովկասի ժողովուրդների մեջ», - ասել է Ալի Հասանովը, ավելացնելով, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենահարուստ պետությունն է, ունի նավթի 30-50 տարվա եւ գազի մոտ 120 տարվա պաշարներ, եւ եթե կարգավորվեն խնդիրներն ու ստեղծվեն համագործակցության պայմաններ, ապա դրա հնարավորություններից կարող է օգտվել ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանը:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե Ադրբեջանն ու Վրաստանը ծանր պահերին միշտ մեկմեկու սատարել են:

Համաժողովի աշխատանքներին են մասնակցում երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում` Ադրբեջանի սփյուռքի հետ կապերի գծով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը, Վրաստանի սփյուռքի հարցերով պետական նախարար Միրզա Դավիթայան, Քվեմո-Քարթլիի նահանգապետ Դավիդ Կիրկիտաձեն եւ Բաթումիում Ադրբեջանի հյուպատոս Հուսեյն Նաջաֆովը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG