Մատչելիության հղումներ

Այս տարի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ասպիրանտուրա ընդունվողների համար TOEFL-ի քննության ITP տարբերակը փոխվել է IBT տարբերակով:

Դիմորդների կարծիքով` այսպիսով քննությունն ավելի բարդացվել է: Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի հավաստմամբ, մինչդեռ, փոփոխությունները չնչին են:

«Շատ երկրներ վաղուց հրաժարվել են թեսթերի ITP տարբերակներից ու անցել IBT տարբերակի: Սա հնարավորություն կտա ապագա ասպիրանտին իր հետագա գիտական աշխատանքները խորացնել աշխարհի տարբեր երկրներում, իսկ ITP սերտեֆիկատով նա այդ հնարավորությունը չունի, քանի որ դա վաղուց շատ երկրներում անվավեր է», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում նշեց Սուքիասյանը:

TOEFL–ը ասպիրատուրա ընդունվելու համար առաջին անգամ ներդրվել է դեռ 2006 թվականին: Սա անգլերենի քննության միջազգային ձեւ է: Թեսթի միջոցով ստուգվում է ուսանողի անգլերենի իմացության մակարդակը:

Խոսելով ծրագրի կարեւորության մասին Սուքիասյանը նշեց. - «2010 թվականից հետազոտողի ծրագիր ենք իրականացրել: Սա ենթադրում է, որ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողները պետք է իրականացնեն որոշակի հետազոտական աշխատանքներ, իսկ հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնելու համար ուսանողները պետք է տիրապետեն անգլերենի, քանի որ հիմնական մասնագիտական գրականությունը անգլերեն է»:

Տաթեւ Հարությունյանն անցյալ տարի ավարտել է Երեւանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան, արաբերենի իր իմացությունը կատարելագործելու համար սովորել է Սիրիայում ու Եգիպտոսում ու հիմա պատրաստվում է ասպիրանտուրայի քննություններին` օրեր ու ժամեր անցկացնում է անգլերենի տետրերի ու գրքերի ընկերակցությամբ: Նա նշում է, որ այս լեզուն իր համար մատչելի չէ ու սովորում է մեծ դժվարությամբ:

«Ինձ համար շատ անիմաստ է TOEFL պարապելը, բայց ինչպես ասում են` ճար չունենք: Ես համալսարան ընդունվել եմ ֆրանսերեն քննություն տալով, ընթացքում անգլերեն սովորել եմ, բայց դա ինձ համար շատ քիչ է TOEFL հանձնելու համար», - նշեց Տաթեւը:

Տաթեւը նշում է, որ ուսանողը կանգնում է նաեւ ֆինանսական խնդրի առաջ, որովհետեւ ստիպված է հիմա էլ դասախոսի մոտ մոտավորապես 6 ամիս TOEFL պարապել:

Իսկ Ռոբերտ Սուքիասյանի խոսքով` վերջին երեք տարիներին TOEFL-ի դասընթացներն անցնելու ու քննությանը պատրաստվելու ծախսերը հոգում է պետությունը:

Տաթեւի կարծիքով այս քննությունն իր մեջ ներառում է նաեւ հոգեբանական խնդիր. - «Դու մտածում ես, որ կարող ես լավ մասնագետ լինել, երկար տարիներ սովորել, տքնաջան աշխատել ես ու վերջում անգլերենի պատճառով փաստի առաջ ես կանգնում»:

Ռոբերտ Սուքիասյանի խոսքով` կրթության նախարարությունը եւս մեկ նախագիծ է մշակում ուսանողների` TOEFL-ի շուրջ ձեւավորված մտավախությունները կանխելու համար:

«Մոտակա երկու տարվա ընթացքում նաեւ IBT –ի թեթեւ տարբերակը կմշակվի մագիստրատուրա ընդունվողների համար: Սա ընդունվողներին կտա հնարավորություն կամաց-կամաց զարգացնել իրենց անգլերենն ու ասպիրանտուրայում այլեւս խնդրի առաջ չկանգնել», - նշեց նա:
XS
SM
MD
LG