Մատչելիության հղումներ

logo-print

Անկվաբը հավաստում է իր հավատարմությունը ժողովրդավարությանը


Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբ, Սուխումի, 27-ը օգոստոսի, 2011թ.

Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբ, Սուխումի, 27-ը օգոստոսի, 2011թ.

«Անցում դեպի կառավարման բռնապետական մեթոդներ չի լինի», - սա առաջին հայտարությունն էր, որով հանդես է եկել Աբխազիայի երրորդ նախագահ ընտրված Ալեքսանդր Անկվաբը քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո:

«Մեկ անգամ եւս մենք աշխարհին ներկայացանք որպես երիտասարդ մի պետություն, որ ցանկանում է զարգանալ եւ ապրել միջազգային նորմերին համապատասխան: Աբխազները եւ բոլորը, ովքեր մեզ հետ այստեղ ապրում են, ի վիճակի են դա անել», - նշել է Անկվաբը:

Աբխազիայի ընտրված նախագահի հայտարարությունները` միջազգային նորմերին եւ ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին, պատահական չէին: Ընտրարշավի ընթացքում շատերն էին քննդատում Անկվաբին` պնդելով, թե խորհրդային ոստիկանության նախկին գնդապետը կառավարման կոշտ, ավտորիտար մեթոդների կողմնակից է: Ավելին, Անկվաբին մեղադրում էին 1992-93 թվականների պատերազմի ժամանակ վրացական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Այս ամենը, սակայն, չխանգարեց Անկվաբին անցած ուրբաթ անցկացված ընտրությունների առաջին իսկ փուլում ստանալ քվեների 54 տոկոսը: Նրա երկու հակառակորդները` Սերգեյ Շամբան եւ Ռաուլ Խաջիմբան, ընտրությունների արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց արդեն շնորհավորեցին հաղթած թեկնածուին:

Աբխազական ընտրություններին պաշտոնական Թբիլիսիի արձագանքը եւս սպասելի էր. Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Աբխազիայում կայացած ընտրություններն անվանեց ոչ լեգիտիմ:

Վրացական քաղաքական դաշտում, սակայն, այլ տեսակետներ նույնպես հնչում են:

Ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան հայտարարել է. - «Ես համոզված եմ, որ աբխազ ժողովուրդն ու աբխազական հանրությունը արժանապատիվ ընտրություն են կատարել: Համոզված եմ, որ ապագայում աբխազական եւ վրացական հասարակությունները կկարողանան ընդհանուր լեզու գտնել, մենք պետք է կրկին ծանոթանանք միմյանց հետ: Պետք է հասկանալ, որ այսօր Աբխազիան այն չէ, ինչ 30 տարի առաջ: Այնպես որ, մենք Անկվաբին գնահատում ենք որպես լուրջ քաղաքական գործիչ: Իմ ղեկավարած քաղաքական ուժը` Ազատ դեմոկրատների կուսակցությունը պատրաստ է լուրջ երկխոսության մեջ մտնել Ալեքսանդր Անկվաբի հետ»:

Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագապշը մահացել է մայիսի 29-ին` թոքերի վիրահատությանը հետեւած բարդացումներից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG