Մատչելիության հղումներ

logo-print
Անցած ուրբաթ բանակում մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով:

Նրանք նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:

Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամայանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին:

«Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը եւ ինձ մղկտացնեին», - պնդում է մայրը:

Զինվորի հարազատներից Գեւորգ Սահակյանը մասնակցել է դիահերձմանը: Նա նկարագրում է իր տեսած վնասվածքները:

«Ականջի հետեւն էր վնասված, ձախ աչքը լրիվ վնասված էր` կապտուկներ եւ վերք կար, աջ կողմից` կողքը ծակած, դանակի հարված է եղել երեւի», - ասում է Սահակյանը:

Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում եզրակացություն տված բժիշկը մահվան պատճառների մեջ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:

Մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետեւանքով վայր է ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ:

Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի:

«Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ», - ասում էր Գայանե Աբրահամյանը:

18-ամյա Աղասի Աբրահամյանը Երեւանից էր, նա Ռուսաստանից Հայաստան էր եկել, որպեսզի բանակ զորակոչվեր: Զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան:

Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ո՞վ կամ ովքե՞ր են զինվորին դիտավորությամբ պատճառել ծանր վնասվածքներ, ինչո՞ւ հրամանատարական կազմը չի կարողացել միջամտել կատարվածին, եւ կամ ի՞նչ կարգի վնասվածքներ է ստացել զինվորը, որ հոսպիտալում անզոր են եղել փրկել նրա կյանքը:

Սա, ըստ իրավապաշտպանների, բանակում այս տարվա արդեն 20-րդ դեպքն է, երբ զինվորը, ըստ նախաքննության, կա'մ ինքնասպանություն է գործում, կա'մ մահանում մեկ ուրիշի ձեռքերով:

Պաշտոնական տվյալներով` 2010 թվականին հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել է մահվան 43 դեպք:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG