Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյանը ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի


Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատվիրակության հետ երկխոսություն վարող իշխող քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ երկխոսության կամուրջներն ամբողջովին այրված չեն: Նա ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի:

«Ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները պետք է ընտրություն կատարեն` բավականին ծանր ընտրություն, թե ինչպիսին են իրենք տեսնում ՀԱԿ-ը` որպես Հայաստանի քաղաքական խճանկարի ներկայացուցիչ: Իրենք կա'մ պետք է գտնեն, որ ՀԱԿ-ը դասական կուսակցությունների նման իր պրոբլեմները ներկայացնում է հանրահավաքներում կամ թերեւս ունի քաղաքակիրթ աշխարհում ընդունված այլ ձեւեր իրենց մտքերը իրենց համախոհներին ներկայացնելու, սակայն այդ ամեն ինչը պահում է կառուցողական, կոնստրուկտիվ հունի մեջ», - երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասաց Գագիկ Մինասյանը` շարունակելով. - «Կամ ինքը պետք է գտնի, որ իր ճանապարհը ցնցումների ճանապարհով երկիրը առաջ տանելն է` դեստրուկտիվ ճանապարհով»:

Վերջին ճանապարհը, Գագիկ Մինասյանի կարծիքով, հասարակությանը որեւէ դրական հանգրվանի չի բերի եւ շատ արագ կվարկաբեկի ՀԱԿ-ին:

«Որովհետեւ շատ շատերը կհասկանան, որ այն ճանապարհը, որով գնում է ՀԱԿ-ը, որեւէ տեղ չտանող ճանապարհ է: Ուղղակի այն պոտենցիալը, որը կուտակված է ՀԱԿ-ում, կպարպվի անիմաստ տեղը», - ասաց հանրապետական պատգամավորը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի պատվիրակության միջեւ նախատեսված բանակցությունների հերթական փուլը չկայացավ. ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ը առկախում է իր մասնակցությունը բանակացություններում եւ կշարունակի միայն այն բանից հետո, երբ կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխվի:

Մինասյանի խոսքով` կային լուրջ հիմնավորումներ, որ իրեն «մղում էին այն տեսակետին», որ երկխոսության գործընթացը կհաջողվի:

«Սակայն ճիշտ կլինի, որ ես ասեմ նաեւ, որ կային մտավախություններ: Այդ մտավախությունները պարբերաբար հնչում էին ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչների շուրթերից: Ցավոք, ես չեմ կարող բացառել, որ թերեւս ՀԱԿ-ում կային ուժեր, որոնք գտնում էին, որ կառուցողական զարգացումը չի մտնում ՀԱԿ-ի ծրագրերի մեջ», - ասաց Գագիկ Մինասյանը` հրաժարվելով մանրամասնել, թե որ ուժերի մասին է խոսքը:

ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Անդրադառնալով իշխող կոալիցիա-ՀԱԿ երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակին` ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կամուրջները իսկապես այրված չեն, բանակցությունները առկախված են մինչեւ փոխվի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Մենք չենք բանակցելու քաղաքական բանտարկյալների առկայության պայմաններում: Իշխանությունը իր պահվածքով ցույց է տալիս, որ նա ամեն ինչ անում է այս երկխոսությունը տորպեդահարելու համար: Նրանք մի կողմից ցանկանում են քաղաքավարի երկխոսություն վարել, մյուս կողմից` կիրառեն հալածանքների ամբողջ այն զինանոցը, որ 3.5 տարի կիրառել են ՀԱԿ-ի նկատմամբ»:

Զուրաբյանը «պատրանք» բնութագրեց Գագիկ Մինասյանի ներկայացրածը, թե ՀԱԿ-ում կան ուժեր, որոնց ձեռնտու չի երկխոսությունը իշխանությունների հետ. - «Ոչ ոք Կոնգրեսում չի կարող առաջակել, թե շարունակենք բանակցությունները, երբ կա քաղբանտարկյալ», - ընդգծեց ՀԱԿ համակարգողը:

«Ես կարծում եմ, որ իշխանություններն են կատարում ընտրություն` արդյո՞ք իրավիճակը զարգանալու է արեւելաեվրոպական երկրների տարբերակով, երբ իշխանությունները եւ ընդդիմությունը կարողացան բանակցությունների միջոցով հասնել բոլոր խնդիրների կարգավորմանը եւ արդար ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորման խնդրի իրականացմանը, թե՞ իրավիճակը զարգանալու է շատ ավելի առճակատային տարբերակներով` ընդհուպ մինչեւ արաբական սցենարները: Այդ առճակատման աստիճանը միշտ որոշում է իշխանությունը», - ասաց Զուրաբյանը:

Իսկ թե ՀԱԿ-ում ինչպես են պատկերացնում հետագա զարգացումների ընթացքը, Լեւոն Զուրաբյանն ասաց. - «Մենք ասել ենք, որ երկխոսության հնարավորությունները սպառված կհամարենք սեպտեմբերին, ուստի սեպտեմբերը` որպես ժամանակ, մեզ բոլորիս տրված է: Սեպտեմբերի 9-ին մենք ժողովրդին ավելի հստակ կներկայացնենք մեր անելիքներն ու ծրագրերը: Այս պահին մեր տպավորությունը հետեւյալն է. իշխանությունները չեն ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, չեն ցանկանում գնալ զիջումների եւ հենց այդ պատճառով տորպեդահարում են երկխոսությունը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG