Մատչելիության հղումներ

Օգոստոսի 27-ի մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է. - «Հուլիսի 18-ին սկսված երկխոսությունների թեման կարելի՞ է արդյոք համարել փակված: Եթե այո, ապա փաստորեն, այս գործընթացի քառասունքն անգամ չլրացավ: Ինչպես անհասկանալի սկսվել էր, այնպես անհասկանալի էլ ավարտվեց՝ ապացուցելով, որ քաղաքական երկխոսության, համագործակցության, անգամ բանավեճի կուլտուրան մեզ խորթ է: Սակայն պետք չէ այս փաստից ողբերգություն սարքել: Նախ՝ ոչինչ արհեստական հնարավոր չէ հրահրել: Քաղաքական պրոցեսները պետք է հասունանան եւ հասարակական պահանջմունքի արդյունքում ծնվեն: Ապա՝ ոչինչ անհետ չի կորչում: Եթե անգամ հաշվի չառնենք երկուստեք կազմված մեծածավալ փաստաթղթերը, որոնք դրվեցին հանրության սեղանին, ապա երկխոսության փորձառության ձեռքբերման առումով այն արժեքավոր է: Եվ երրորդ՝ հասարակությունն այս փուլում ոչ թե երկխոսություն, այլ առճակատում ու պայքար է ուզում: Նա համաձայն չէ իշխանություն-ընդդիմություն խաղաղ գոյակցությանը: Մենք դեռ Եվրոպա չենք եւ բազում հարցեր ունենք լուծելու: Մեր տիպի երկրներում ոչ թե էվոլյուցիա, այլ ռեւոլյուցիա են տենչում»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Պարզվում է, որ Կոնգրեսը կոալիցիայի պատվիրակության առաջ խնդիր է դրել՝ մինչեւ բանակցությունների հերթական ռաունդը պարտադիր ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, կոալիցիան էլ համաձայնել է: Այսինքն՝ Կոնգրեսը բանակցությունները դադարեցնելու սպառնալիքը կիրառել է որպես շանտաժ»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցն այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել Կոնգրեսի հետ բանակցող իշխանական պատվիրակության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանին: «Կոնգրեսը հայտարարեց, որ առկախում է իր մասնակցությունը ընթացող բանակցություններում: Ինչպես նաեւ հայտարարել է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին Բոստանջյանը պատասխանել է. - «Ինչ որ իրենք ասել են, ես լսել եմ եւ ոչ մի եզրակացության չեմ գալիս: Մենք իրար հետ խոսակցությունների ընթացքում շեշտել էինք քանի անգամ, որ դա իրավական հարթությունում գտնվող գործ է, եւ քաղաքական այնպիսի կարեւորագույն գործընթաց, ինչպիսին երկխոսությունն էր, իրավական հարթության մեջ գտնվող հարցի վերաբերյալ առնվազն տարօրինակ է կասեցնելը: Եթե էդպես են մտածել, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես մեկնաբանություն չունեմ այս հարցի վերաբերյալ: Ես ձեռնպահ եմ ուզում մնալ: Ասեմ ձեզ, որ ես հուզված չեմ այս ամեն ինչից»: Իսկ հարցին, թե մտավախություն չունի, որ Կոնգրեսը սեպտեմբերին ջրբաժան կհայտարարի, Բոստանջյանը պատասխանել է. - «Բացարձակապես: Ես մի անգամ արտահայտվել եմ դրա վերաբերյալ, որ հասկանում եմ, որ այդպես մարդասպանություն տեղի չի ունենալու երկրում ջրբաժանով, ես կարծում եմ, որ մեծ դժվարություններով ձեռք բերված անկախության եւ այս վիճակի համար ջրբաժան բառը չի կարող վախեցնել ոչ մեկին»: Հարց. - «Եթե երկխոսությունը տապալվի, ըստ ձեզ, Հայաստանում ի՞նչ զարգացումներ կլինեն»: Պատասխան. - «Այդպես տապալվել-չտապալվելու խնդիրը չեմ ուզում նայել, բայց մտածում եմ, որ դրանից ողբերգություն չի գա Հայաստանի գլխին»:

«Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Վերջին ամիսներին համաշխարհային մի շարք շուկաներում գները որոշակիորեն անկում են ապրել։ Նախ նվազեցին նավթի, հացամթերքի, իսկ վերջին օրերին՝ ոսկու գները։ Երբեմն անկումը հասնում է ընդհուպ մինչեւ 25 տոկոսի։ Ինչպես սովորաբար լինում է, համաշխարհային շուկայի նման դրսեւորումները ոչ միշտ են արտահայտվում հայաստանյան շուկայում, ի տարբերություն գների բարձրացման։ Պատճառը բնականաբար պայմանավորված է մենաշնորհային հարաբերություններով, որոնք Հայաստանում իշխող են հատկապես ներմուծվող ապրանքների շուկաներում։ Մրցակցային թույլ միջավայրի գոյությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ներկրողների համար՝ շուկային թելադրելու սեփական գները։ Պատահական չէ, որ համաշխարհային շուկայի գնանկումային դրսեւորումները հաճախ այդպես էլ Հայաստան չեն հասնում»։

«Ազգ» թերթի մի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն կրճատվել են առուվաճառքի գործաքները, իսկ գները նախորդ ամսվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել: «Ամռան ամիսներին այս ցուցանիշները հազիվ թե էական փոփոխություններ կրեն աճի ուղղությամբ, ինչը եւ տեղի ունեցավ հուլիսին: Օգոստոսի ցուցանիշները նույնպես էական դրական փոփոխություններ չեն ունենա: Որոշակի աշխուժացում կարելի է ակնկալել աշնան կեսերից, պայմանավորված արտերկրից Հայաստան մտնող գումարների ծավալների ավելացմամբ», - գրում է թերթը:
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG