Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը ապրիլ ամսից սկսել է մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման եւ Կենտրոն վարչական շրջանի փողոցներում մայթերի սալիկապատման աշխատանքները:

Միայն ասֆալտապատման համար հատկացվել է 4 միլիարդ դրամ, որից 3 միլիարդը պետական, իսկ 1 միլիարդը` Երեւան քաղաքի բյուջեից:

«Աշխատանքների կատարման ընթացքում, երբ մրցույթները կայացան, մեկ միլիարդից ավելի տնտեսում եղավ: Տնտեսման հաշվին նորից մրցույթ հայտարարվեց, եւ 5 կազմակերպություններ շահեցին` յուրաքանչյուրը մոտ 40 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության շինբարեկարգման բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանը:

Ասֆալտապատման աշխատանքները պետք է ավարտվեին դեկտեմբերին, սակայն, Յայլոյանի խոսքով, հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Անկախության 20-ամյակը, ձգտում են աշխատանքների մեծ մասը ավարտել մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Նա վստահեցրեց, որ աշխատանքների արագացումը չի անդրադառնա դրանց որակի վրա:

Հարցին, թե տարեցտարի ճաքալցման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված չէ արդյոք անորակ ասֆալտապատմամբ, Յայլոյանը պատասխանեց. - «Մենք հիմնական բարեկարգում չենք կատարում: Երեւան քաղաքում մի քանի փողոցներում է, որ հիմնական բարեկարգում է կատարվել… Որովհետեւ մեծ ֆինանսների հետ է կապված»:

Քաղաքապետարանի բյուջեից 300 միլիոն դրամ հատկացվել է Կենտրոն վարչական շրջանի մայթերի բարեկարգման աշխատանքներին` հին սալիկները փոխարինվում են նորերով:

Մայրաքաղաքի բնակիչները հիմնականում դրական են վերաբերվում ընթացող բարեկարգմանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG