Մատչելիության հղումներ

Նախարարը վստահեցնում է, որ դասախոսների զանգվածային կրճատումներ չեն լինի


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Տասներկուամյա կրթական համակարգին անցնելուց հետո Կրթության եւ գիտության նախարարությունը, բուհերի եւ քոլեջների ղեկավարները նշում էին, որ 2011-12 ուսումնական տարին ճգնաժամային է լինելու իրենց հաստատությունների համար, քանի որ ուսանողների թիվը շեշտակիորեն նվազելու է:

Դեռ տարեսկզբին դասախոսներից շատերը անհանգստացած էին, որ ստեղծված իրավիճակի պատճառով կարող են զանգվածային կրճատումներ լինել:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, վերջին երկու տարիներին իրենք բուհերին հնարավություն տվեցին նախապատրաստվել` ավելի մեծ թվով ուսանողներ ընդունել, որպեսզի նրանց վարձավճարների միջոցով կարողանան հաղթահարել իրավիճակը. - «Այն բուհերը, որոնք նպատակային են օգտագործել պետության տված հնարավորությունները, նրանց մոտ ստացվում է խուսափել զանգվածային կրճատումներից: Ինչքանով ես գիտեմ, բուհերի մեծամասնությունը կարողացել է դա անել, սակայն եղել են կետային եզակի կրճատումներ, օրինակ` ժամավճարով վարձատրվողների, համատեղությամբ աշխատողների»:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցներից մեկում եւս անդրադարձել էր խնդրին` նշելով, որ տարին շատ դժվար է լինելու, քանի որ մի շարք մասնագիտությունների գծով` հատկապես բնագիտական առարկաների, ուսանողներ չկան կամ շատ քիչ են:

«Բոլոր բուհերի ղեկավարների համար թիվ մեկ խնդիրը լինելու է առաջին կուրսերի ձեւավորումը: Ինչքանով կկարողանան արագ դա անել, օպերատիվ արձագանքել, դրանից կախված կլինի բուհի հաջորդ տարվա հաջողությունը: Կարծում եմ, որ խնդիրը լուրջ է, սակայն միանգամայն հաղթահարելի», - ասել էր Սիմոնյանը:

Ինչպես Երեւանի պետական, այնպես էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների թիվը նվազել է 80-90 տոկոսով: Ոլորտի մասնագետների պնդմամբ, կարելի էր ծրագրերի խտացում կատարել, որեւէ կերպ լուծել խնդիրը, որ նման կացության մեջ չհայտնվեին, քանի որ խնդիրը դեռ 6 տարի անհանգստացնելու է բուհերին:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, ի տարբերություն բուհերի, կարողանում են ընդունել նաեւ ավագ դպրոցների աշակերտներին, սակայն դա էլ բավարար չէ: Քոլեջների մեծամասնությունը մշտապես ունեն դիմորդների խնդիր: Ֆինանսական խնդիրները գոնե մասամբ լուծելու, անձնակազմի կրճատումներից խուսափելու եւ աշխատավարձները վճարելու համար որոշ քոլեջներ այս տարի բարձրացրել են վարձավճարները:

Նախարար Արմեն Աշոտյանը, ֆինանսական խնդիրներից զատ, խոսեց նաեւ բուհերում եղած մրցույթի մասին: Նրան ուրախացրել էր, որ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ավելի շատ ուսանող է ընդունվել, քան տնտեսագիտական համալսարան:


XS
SM
MD
LG