Մատչելիության հղումներ

Ամառային ռոք փառատոնը լավ ազդեցություն կթողնի ճաշակի ձեւավորման հարցում


«Yerevan Summer Music Festival 2011» բացօթյա երաժշտական փառատոնի մեկնարկը Հայաստանում խոստումնալից էր:

Եռօրյա փառատոնի առաջին օրը Ազատության հրապարակում ելույթ ունեցան Vo.X (Մեծ Բրիտանիա, Հայաստան), Շարական (Հայաստան), Euro Groove Department (Իտալիա) եւ Panzerballett (Գերմանիա) խմբերը:

Ազատության հրապարակում հավաքված ռոք երաժշտության սիրահարները շատ չէին: Բացօթյա փառատոնի մուտքն ազատ էր, բայց սա էլ չէր խթանել երիտասարդների հոսքը դեպի Ազատության հրապարակ: Ներկաները դա բացատրում էին արձակուրդային սեզոնով եւ մարդկանց անտեղյակ լինելու հանգամանքով:

«Հասարակությունը լավ տեղեկացված չէ: Անձամբ ես փառատոնի մասին այսօր եմ իմացել եւ ում կարողացել եմ ասել եմ: Քաղաքում այսօր էլի միջոցառումներ կան. բնականաբար, ով ջազ է սիրում նախընտրել է Կասկադում լինել, ով ռոք է սիրում, այստեղ է», - ասաց Լիլին:

Ազատության հրապարակում հեծանիվներով եւ անվաչմուշկներով համերգը վայելող պատանիների կողքին մեծ թիվ էին կազմում նաեւ Իրանի Հանրապետության քաղաքացիները:

«Պարսիկներն ամեն օր փողոցներում են, դրա համար էլ իմացել են: Իրենք պարզապես անցնում են. չեն եկել համերգը նայելու», - նշեց Աստղիկը: Իսկ Լուսինեն ավելացրեց. - «Իրանցիները շատ են, որովհետեւ եկել են ու պատրաստվում են իրենց ուսումնական տարվան»:

Նույնիսկ համերգի ընթացքում տեղացող հորդառատ անձրեւը պատճառ չհանդիսացավ, որ հավաքվածները հեռանային: Հանդիսականները լավատեսորեն էին տրամադրված եւ հույս ունեին, որ փառատոնն իր հետ դրական փոփոխություններ կբերի:

«Փառատոնն անպայման իր ազդեցությունը կունենա շատ մարդկանց ճաշակի ձեւավորման հարցում: Պատահական անցորդները կլսեն այս հետաքրքիր երաժշտությունը, եւ մի բան կփոխվի: Ռոք ասելով շատերը մետալ են հասկանում, ինչը տխուր է», - ասաց նրանցից մեկը:

Աստղիկի կարծիքով, շատ մարդիկ տեղյակ չեն լավ երաժշտությունից եւ սահմանափակվում են տխուր երգեր լսելով. - «Վերջերս մի ձայնասկավառակ էի գտել, որի վրա գրված էր «Տխուր երգերի հավաքածու»: Այսպիսի փառատոնները օգնում են, որ մարդիկ ծանոթանան երաժշտական այլ ոճերին նույնպես, քանի որ այսօր հեռուստատեսությաբմ եւ ռադիոյով հաճախ չենք լսում ճաշակով երաժշտություն»:

XS
SM
MD
LG