Մատչելիության հղումներ

logo-print

«Պետք է սիրես աշխատանքդ»


Քամանչահար Արշակ Իսախանյանը քամանչային սիրահարվել է 13 տարեկանում:

Ոչ միայն նվագում, այլեւ պատրաստում է ժողովրդական տարբեր գործիքներ եւ մինչ օրս նվագում է 1982 թվականին իր պատրաստած առաջին քամանչայով: Իր պատրաստած նվագարանները նաեւ վաճառում է:

«Իմ պատրաստած գործիքները վաճառելուց հետո ես ցավ եմ ապրում: Պատրաստելիս էներգիա, հոգի ես դնում գործիքի մեջ, եւ դրանից հեռանալը դժվար է դառնում», - ասաց Արշակը:

Արշակի որդին եւս գնացել է հոր ճանապարհով՝ հաճախում է քամանչայի դասարան, հայրը պնդում է, որ որդու որոշման վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: Ինքը նվագում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում, բայց շարունակում է գործիքներ պատրաստել:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա բացատրեց քամանչայի պատրաստման նրբությունները. - «Հիմնականում ձկան կաշի ենք օգտագործում, որովհետեւ այն խոնավությանը ավելի դիմացկուն է, եւ գործիքի ձայնը շուտ չի «նստում», - ասաց Արշակը:

Վարպետ Ալբերտը եւս նվագում է 13 տարեկանից, բայց ոչ թե քամանչա, այլ թառ: Սկզբում զբաղվել է գործիքների սադափե նախշապատումով, իսկ իր առաջին գործիքը պատրաստել է 23 տարեկանում:

«Պատրաստել եմ միայն ուրագով եւ դուրով: Շատ կոպիտ, տգեղ գործիք ստացվեց, բայց բավականին լավ ձայն ունեցավ, եւ դա ինձ ոգեւորեց, որ կատարելագործեմ գործիքի մյուս մասերը», - նշեց Ալբերտ Զաքարյանը:

Թառի հնչյուններն առաջին անգամ լսել է ռադիյով 1940-ական թվականներին եւ սկզբում միայն թառ էր պատրաստում: Հետո սկսում է նաեւ քամանչա, քանոն եւ այլ լարային գործիքներ պատրաստել:

Օգտագործում է մոտ 20 անուն փայտանյութ ու տարիների ընթացքում նվագարաններ սարքելու համար իր ստեղծած գործիքներն ու հմտությունները:

Որպեսզի գործիքի ձայնը լավ հնչի, պատրաստում է ձեռքով, ոչ թե հաստոցով: Վարպետը բացատրեց, որ այդ դեպքում մի քանի անգամ լավանում է դրա հնչողությունը: Սա վարպետը հասկացել է, երբ հաստոց չունենալու պատճառով գործիքները պատրաստում էր ձեռքով:

Իր աշխատանքը սիրում է` չնայած այն դժվար է, մեծ համբերատարություն եւ հետեւողականություն է պահանջում:

«Փորձել եմ 12-13 տարեկան երեխաների բերել այստեղ, որ մեկին գտնեմ, կարողանամ իմ փորձը փոխանցել: Մի անգամ ռանդան վերցրել են ձեռքները, հաջորդ օրը այլեւս չեն եկել», - ասաց վարպետը:

Լարային գործիքները հին ու լեգենդներով հարուստ պատություն ունեն: Ըստ Ալբերտ Զաքարյանի, բոլորն առաջացել են տավիղից, որը 5000 տարի առաջ պատրաստում էին կրիայի պատյանից, դդումի կեղեւից եւ մարդկային գանգից: Կատարելագործվելով տավիղը դարձել է թառ, քամանչա, կիթառ, ջութակ եւ այլ լարային գործիքներ:

Իր լարային գործիքների լավ հնչողությունն ապահովելու համար վարպետը կարեւորում է դրանց պատրաստման բոլոր մանրուքները՝ փայտանյութի հյուսվածքները, տարեկան գծերը, խտությունը, տեսակը: Այդուհանդերձ, պատասխանելով այն հարցին, թե գործիքները պատրաստելու համար որն է ամենալավ փայտը, նկատեց. - «Ամենալավ «փայտը» պատրաստողն է»:

XS
SM
MD
LG