Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ նշանակվեց Ֆիլիպ Լեֆորտը


Ֆիլիպ Լեֆորտ
Ֆիլիպ Լեֆորտ
Հարավային Կովկասի, ինչպես նաեւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ֆիլիպ Լեֆորտը: Այս մասին ասված է Եվրամիության պաշտոնական կայքում: Նշված է, որ Եվրամիության նախարարների խորհուրդը այդ պաշտոնում նրան հաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջարկով:

Ֆիլիպ Լեֆորտը նոր պաշտոնը ստանձնելու է 2011-ի սեպտեմբերի 1-ից:

Նա փոխարինելու է Փիթեր Սեմնեբիին եւ Պիեռ Մորելին` նոր նշանակմամբ միացվել է երկու մանդատ: Պիեռ Մորելը Եվրամիության հատուկ ներկայացուցիչն էր Վրաստանի ճգնաժամի հարցերով, իսկ Փիթեր Սեմնեբին Եվրամիության հատուկ ներկայացուցիչն էր Հարավային Կովկասում:

Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցչի մանդատը ներառում է շփումներ տարածաշրջանի երկրների կառավարությունների, խորհրդարանների, առանցքային քաղաքական գործիչների, արդարադատության համակարգի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նրա առջեւ դրված խնդիրներից են` խրախուսել տարածաշրջանի երկրների փոխշահավետ համագործակցությունը, նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ:

Ֆիլիպ Լեֆորտը դիվանագիտական աշխատանքի 20 տարվա փորձ ունի: Նրա գործունեության մեծ մասը կապված է եղել Կովկասի եւ Ռուսաստանի հետ: 2004-2007 թվականներին նա Ֆրանսիայի դեսպանն էր Վրաստանում, 2007-ից 2010-ին` Ռուսաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալն էր, իսկ 2010 թվականից Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում Եվրոպական գլխավոր տնօրինության ղեկավարն էր:

Եվրամիությունը տարածել է Քեթրին Էշթոնի հայտարարությունը, ուր նա ասել է, թե շատ ուրախ է, որ այդ կարեւոր պաշտոնում նշանակվում է Ֆիլիպ Լեֆորտը: Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատարը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Ֆիլիպ Լեֆորտի նշանակումը «իդեալական ընտրություն էր»` ինչը թույլ կտա բարձրացնելու Եվրամիության դերը «այդ զգայուն տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG