Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի նախաձեռնած քննարկմանը Հայաստանի մեքենաշինության ոլորտի ձեռնարկությունների տնօրենները սուր քննադատության ենթարկեցին կառավարության քաղաքականությունը:

Քննարկման ժամանակ այդ ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացվեց Էկոնոմիկայի նախարարության պատվերով Երեւանում գործող EV Consulting խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»:

Մինչեւ 2020 թվականի համար նախատեսված այդ ռազմավարության համաձայն, «առաջիկա տարիներին կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, ոսկերչության եւ ադամանդագործության, բարձր տեխնոլոգիաների ու մեքենաշինության ոլորտները լուրջ խթան ստանան զարգացման համար»:

Երբ ներկայացվեց ռազմավարությունը ու հերթը հասավ դրա քննարկմանը, խոսք վերցրեցին գործարանների ղեկավարները:

«Արմեն մոտոր» ՓԲԸ տնօրեն Կարլոս Պետրոսյանը նման ծրագրերին գերադասում է «կոնկրետ եւ պրակտիկ աշխատանքը»:

Նրա կարծիքով, կառավարությանը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որ «արդյունաբերական ձեռնարկությունը համահավասար չհամարվի կազինոյին». - «Չի կարելի արդյունաբերական ձեռնարկության գործունեությունը պարալիչի ենթարկել նրա պարտքերի համար: Հենց 500 հազարը անցավ` արգելանք է դրվում հաշվի վրա: Սա կանոնակարգված իրավիճակ է արդեն: Եթե արգելանք է դրվում արդյունաբերական ձեռնարկության գործունեության վրա, նա ստիպված սարքավորում է վաճառում: Հիմա ես մի քանի օր առաջ հաստոցներ եմ վաճառել` որպես ջարդոն, որ բյուջեն փակեմ»:

Ավելի վաղ` «Ալմաստ» գործարանի (որտեղ կազմակերպվել էր քննարկումը) տարածքում կատարած շրջայցից հետո նախարարը լրագրողներին փոխանցել էր. - «Մենք հիմա մշակել ենք արդեն եւ ներկայացնում ենք ձեռնարկությունների ու ոլորտների դատին, նաեւ հանրությանը կներկայացնենք արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության զարգացման մեր ռազմավարությունը»:

Լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ «Ալմաստ»-ի տնօրեն Վահրամ Թեպելիկյանը: Նշելով, թե անցած տարվա համեմատ գործարանի արտադրանքի ու արտադրանքի արտահանման աճ կա` նա միեւնույն ժամանակ դժգոհեց, որ տարիներ շարունակ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվում չինական սարքավորումներ, եւ քանի որ այդ սարքավորումների համար մաքս չի գանձվում` դրանք շուկայում ավելի էժան են, ու «Ալմաստ»-ի արտադրանքը հայաստանյան շուկայում դառնում է ոչ մրցունակ:

Ի պատասխան` Տիգրան Դավթյանը նշեց, որ կառավարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի հարցին լուծում տալու համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG