Մատչելիության հղումներ

Խոշոր չարաշահումներ Ճանապարհային ոստիկանությունում


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հինգշաբթի օրը քրեական գործ է հարուցել Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված վառելիքի մեծ մասը յուրացնելու համար:

Մասնավորապես, ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Հայաստանի մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր վառելիքից յուրացրել է 156 հազար լիտրը: Այսինքն պետական բյուջեով մարզերին հատկացված բենզինի մոտ 60 տոկոսը յուրացվել է:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ավտոտեսուչների համար հատկացված բենզինը օգտագործվել է ոմանց տաքսի ծառայությունները սպասարկելու համար:

Ճանապարհային ոստիկանության 2–րդ գումարտակի հրամանատարը Ստեփան Կարախանյանն է, ով ոստիկանապետի հրամանով օգոստոսի 10-ին ազատվել է աշխատանքից: Նրան առայժմ մեղադրանք առաջադրված չէ:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա այսօր քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով` մասնավորապես, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար: Գլխավոր դատախազի ցուցումով երեկ ՀՔԾ է ուղարկվել ոստիկանության վարույթում գտնվող եւս մի քրեական գործ, որը կրկին վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը, սակայն այս անգամ արդեն խոսքը գնում է կաշառք ստանալու մասին:

Մասնավորապես, ՀՔԾ տեղեկացնում է, որ ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք, կաշառք վերցնելով, օրենքի խախտմամբ, առանց թեստավորման եւ քննություն հանձնելու, վարորդական իրավունքի վկայականներ են տրամադրել: Այս գործով կա մեկ կալանավորված: Նշենք, որ դեռեւս օգոստոսի 4-ին ոստիկանության քննչական վարչությունը հարուցել էր քրեական գործ` կաշառք ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար, սակայն երեկ արդեն գլխավոր դատախազի ցուցումով կաշառքի այս գործը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՔԾ:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այսօր անդրադառնալով այս աղմկահարույց գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է ողջունել ոստիկանության կատարած աշխատանքը` հաշվի առնելով, որ ոստիկանությունն ինքն է հայտնաբերել այս չարաշահումները: Ալիկ Սարգսյանը նաեւ հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ոստիկանապետը այս չարաշահումները վեր է հանել, քանի որ ցանկանում է աշխատանքից ազատել Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին:

«Մարգար Օհանյանի հետ երկար տարիների ամենալավ մարդկային հարաբերություններն ենք ունեցել: Այսօր էլ իրար թշնամի համարվել չենք կարող, դրա կարիքը ընդհանրապես չկա, բայց համապատասխան ինֆորմացիա ենք ստացել, որ լուրջ չարաշահումներ կան Ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ: Հանձնարարել եմ 6-րդ գլխավոր վարչությանը եւ այլ համապատասխան ծառայություններին համատեղ միջոցներ ձեռնարկել, ստուգել օպերատիվ ինֆորմացիան: Ստուգման արդյունքում բացահայտվեցին մի քանի հանգամանքներ, որոնք ոչ ներելի էին, ոչ թաքցնելու, ոչ էլ ես իմ տեսակով դա կարող էի մարսել», - ասաց ոստիկանապետը` հավելելով, որ չէր կարող «անտարբեր եւ ներողամիտ լինել» այս չարաշահումների նկատմամբ, երբ «ոստիկանությունը վառելիքի լուրջ խնդիր ունի» եւ «որոշակի կրճատումներ կան նաեւ վառելիքի գնի թանկացման հետ կապված»:

Թե արդյո՞ք բենզինի մեծ չափերի հասնող այս յուրացումները եւ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տրամադրելու գործերը կհանգեցնեն Մարգար Օհանյանի պաշտոնանկությանը, ոստիկանապետը ասաց, որ իր կողմից Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնանկության հարցը դրված չէ:

«Մարգար Օհանյանի գործունեության, անձամբ նրա անձի հետ կապված որեւիցե ցուցմունք չկա: Առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրված չէ իմ կողմից, որովհետեւ պիտի կարողանանք հիմնավորել` նա այս ամեն ինչից տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե ըստ քննության բացահայտվի, որ նա տեղյակ է եղել եւ ցուցմունքներ լինեն, որ այս վառելիքից նա էլ է օգտվել, նրան մասնաբաժին է հասել, Մարգար Մնացականիչը սովորական, մյուս քաղաքացիների նման թող իր պատասխանը տա», - ասաց Ալիկ Սարգսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG