Մատչելիության հղումներ

Տոնական միջոցառումների շարք` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին


Երեւանում ու Հայաստանի մարզերում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները տեղի կունենա սեպտեմբերի 21-ի մեկնարկով ողջ աշնան ընթացքում:

Անկախության 20-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, իսկ միջոցառումների համակարգողը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանն է:

Միջոցառումների կարգախոսն է «Հայաստանը դու ես»:

Հեռուստատեսություններին տրամադրելու ու դրանց միջոցով տոնական տրամադրություն ստեղծելու նպատակով գրվել է 3 երգ ու նկարահանվել են տեսահոլովակներ` «Հայաստանը դու ես», «Իմ անունը Հայաստան է» եւ «Արմենիա», որոնցից առաջինի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիոսյանն է, մյուսինը` Մանե Հակոբյանը, իսկ 3-ինը` Արթուր Գրիգորյանը:

Վիգեն Սարգսյանը նշում է, որ սեպտեմբերի 21-ը տոնական միջոցառումների ամենակարեւոր օրը կլինի, քանի որ կնշվի ե՛ւ անկախության տարեդարձը, ե՛ւ մայրաքաղաքի օրը.

«Մենք առավոտյան կսկսենք ծրագիրը Հանրապետության հրապարակում ժամը 11-ին անցկացվելիք զորահանդեսով, ապա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամը 13.00-ին տեղի կունենա Հանրապետական մաղթանքի ծիսակարգ: Հաշվի առնելով, որ անկախության եւ մայրաքաղաքի տոնը բավական մոտ են, այս տարի որոշում է կայացվել համատեղել դրանք. նույն օրը տոնելու ենք Երեւանի տոնը, բոլոր համայնքներում անցկացվելու են համերգային միջոցառումներ, քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրված կլինեն բազմաժանր երաժշտական բեմահարթակներ եւ այլն»:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում անցկացվելիք համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական ակադեմիական երգչախումբը, ՀՀ նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը եւ «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Համերգը կուղեկցվի ձայնալուսային ներկայացմամբ, որը Վիգեն Սարգսյանի խոսքով, աննախադեպ կլինի, իսկ շոուի հարցում միջոցառման կամակերպիչներին օգնության է հասել
մի ֆրանսիական ընկերություն: Համերգը կեզրափակվի երգահան Ռոբերտ Ամիրխանյանի «Երդվում եմ հայրենիքիս» նոր ստեղծագործությամբ, որը գրվել է անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, նույն օրը կբացվի նաեւ Ծովակալ Իսակովի պողոտայի վրա հայ-իտալական համատեղ ջանքերով կառուցվող հեծանվահրապարակը:

Ըստ կազմակերպիչների` հագեցած կլինի նաեւ սեպտեմբերի 21-ին նախորդող մշակութային շաբաթը, որի ընթացքում, ի թիվս այլ համերգների, Երեւանում տեղի կունենա նաեւ Վալերի Գերգիեւի ղեկավարած Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգը:

Պատմության թանգարանում կբացվի Հայաստանի երեք հանրապետություններին նվիրված ցուցահանդես, Հայաստանի բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական միջոցառումներ, իսկ հեռուստատեսությամբ կցուցադրվի Հայսստանի տարբեր գերատեսչությունների վերջին 20 տարվա ձեռքբերումներին ու կատարած աշխատանքին նվիրված ֆիլմեր:

Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական բյուժեից տրամադրվել է 214 մլն դրամ, օգտագործվել են նաեւ հովանավոր ընկերությունների հատկացրած միջոցները:

«Մեզ աջակցել է նաեւ մասնավոր հատվածը, ինչով հնարավորություն է ստեղծվում պետբյուջեի վրա առանձնակի մեծ բեռ չդնել միջոցառումները անցկացնելու համար», - ասաց Վիգեն Սարգսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG