Մատչելիության հղումներ

logo-print

Մարտին Յորգանցը համերգներ կունենա Հայաստանի մարզերում


Ֆրանսահայ երգիչ Մարտին Յորգանցը Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված համերգներ կունենա Բերդ, Հրազդան, Վեդի եւ Գավառ քաղաքներում:

«Որտեղով անցնում եմ, ինձ ասում են «ճկույթիկ», - լրագրողների հետ հինգշաբթի կայացած հանդիպմանը ասաց 1990-ականների սկզբին «Ճկույթիկ», «Այբ, բեն գիմ», «Հայերեն երգենք» եւ մի շարք այլ հայտնի մանկական երգերի հեղինակ, երգիչ Մարտին Յորգանցը:

Նրա խոսքով` դա նշանակում է, որ այդ երգերը արդեն դասական են դարձել՝ փոխացվում են սերնդեսերունդ, քանի որ փոքրերի երգեր միշտ էլ պետք են:

Մարտին Յորգանցը խոստովանում է, որ ինքը փոքրերի երգիչ է եւ միշտ երջանիկ է նրանց համար երգելու համար` հատկապես Հայաստանում: Արտասահմանում նրանց համար շատ չի երգում, քանի որ, իր խոսքերով, հայ երեխաներն իր մեջ արթնացրին փոքրերի համար երգելու սերը:

«Ուրիշ երկրներում այսքան տաղանդ չկա: 40 տարի է Ֆրանսիայում եմ ապրում: Դպրոցական երեխաներին ասում եմ` երգը սովորեք, երեք ձայնով երգեք, չեն կարողանում: Այստեղ մեկ վայրկյանում կերգեն», - նշեց նա:

Մարզերում համերգ տալու իր որոշումը ֆրանսահայ երգիչը բացատրեց հետեւյալ կերպ. - «Երեւանից դուրս գտնվող մարդիկ սովորաբար զրկված են համերգներից: Այդ պատճառով որոշեցի մարզերում երգել»:

Ստամբուլում ծնված երգիչը բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր հայկական համայնքներում: Ներկայումս բացի համերգներից, երեկոյան երգում է Փարիզի իր սեփական ռեստորանում:

XS
SM
MD
LG