Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համամիտ է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն որակմանը, որ վերջին շրջանում մայրաքաղաքում կատարված եւ մեծ հնչեղություն ստացած ավազակային հարձակումները բանդիտիզմի դրսեւորումներ են:

«Համադրվել են բոլոր հանցագործությունները, զուգահեռներ են անցկացվել, եւ սա արդեն գործող բանդիտական խմբին հատուկ հանցագործություն է իր բոլոր հատկանիշներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

Ոստիկանապետի խոսքով, հարուցված քրեական գործի շրջանակում, իր կարգադրությամբ երեկ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ:

«Գործը անձամբ իմ հսկողության տակ է, ուղղակի ուզում եմ հավատացնել ձեզ, որ ամեն ինչ անելու ենք կարճ ժամանակում բացահայտելու համար, որովհետեւ այս հանցագործությունը հղի է շատ ավելի բարդ եւ վտանգավոր հետեւանքներով: Հակառակ դեպքում կունենանք ավելի խայտառակ պատկեր: Ունենք որոշակի ինֆորմացիա, տվյալներ, որ լուրջ մշակման, հետեւողական աշխատանքի կարիք ունեն», - ասաց ոստիկանապետը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ավազակային հարձակման մասնակիցների թվում լինեն ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, ոստիկանապետը պատասխանեց. - «Ճիշտ ասած, մենք մեր վերլուծություններով դա չենք բացառում, որովհետեւ նրանք այնպիսի հմտություն են դրսեւորում հանցագործությունը կատարելիս, որ ենթադրում ենք` նախկին հատուկ ջոկատների, հատուկ խմբավորումների, ինչու չէ նաեւ մեր համակարգի, մյուս համակարգերի փորձը ունեցողներ են: Նրանք շատ հմուտ են գործում, աշխատում են բացառել ամեն տեսակի սխալներ, որոնք հաճախ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քննադատել էր ոստիկանությանը` ասելով, որ եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին երկու դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա:

Ոստիկանապետի արձագանքը գլխավոր դատախազի ասածին հետեւյալն էր. - «Ես չեմ ուզում դատախազի խոսքը հերքել, սովորական բան կա, ամեն ինչ գնահատվում է արդյունքով: Եթե առաջին երկուսի ժամանակ տարվեր անթերի, առանց որեւէ սողանցքի աշխատանք, միգուցե դատախազն էլ այդ խոսքը չէր ասի: Իրականում որոշակի բացթողումներ եղել են, որոշակի անհետեւողականություն միգուցե եղել է, ճիշտ վերլուծություն չի կատարվել: Բայց եկեք մի քիչ ռեալ նայենք. բոլոր հանցագործությունները չէ, որ 5 օրում բացահայտվում են»:

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը պայմանավորված է մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակումների չբացահայտմամբ, ոստիկանապետը պատասխանեց, թե Անտոնյանն այս պահին կադրերի տրամադրության տակ է:

«Թերություններ կային նրա աշխատանքում: Իմ ստուգման արդյունքում նրա աշխատանքը ինձ չգոհացրեց, ես նրան կտեղափոխեմ այլ աշխատանքի, բայց նորմալ կարծիք ունեմ Եգոր Անտոնյանի մասին, նորմալ աշխատող է, ուղղակի թերացել էր աշխատանքում: Նպատակահարմար գտա, որ կոլեկտիվի բարոյահոգեբանական կլիման չի համապատասխանում այսօրվա պայմաններին», - ասաց ոստիկանապետը:

Ոստիկանապետը անդրադարձավ նաեւ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օգոստոսի լույս 15-ի գիշերը տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ հնչած կրակոցների արդյունքում 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն քրեական գործ չէր հարուցվել: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է քրեական գործը հարուցվել երեկ, այն էլ գլխավոր դատախազի ցուցումից հետո միայն, ոստիկանապետը ասաց. - «Եկեք հանենք այս խոսքը, որ դատախազությունից է հատուկ [եկել ցուցումը]: Ամեն դեպքում այդ հարցը մեր քննչականում է: Բնական է` ամեն ինչ համաձայնեցվում է դատախազության հետ: Երեկ հարուցվել է քրեական գործը, կալանավորվածներ չկան այս պահին, տուժողներ ունենք երկու հոգի, կատարող անձը հայտնի է, ամեն ինչ հայտնի է, մնում է պարզել` իրո՞ք անզգուշության հետեւանք է, թե` ոչ: Մնացած շահարկումները այս, այն անձանց վերաբերյալ, թե սա է եղել, նրա տղան է եղել եւ այլն, իրականությանը չեն համապատասխանում»:

«Հարսնաքար»-ում տեղի ունեցածը ոստիկանապետը որակեց որպես սովորական միջադեպ` հարսանիքի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG