Մատչելիության հղումներ

logo-print

Ճանապարհային ոստիկանության վառելիքի յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել


Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ ճանապարհային ոստիկանության համար նախատեսված վառելիքի մեծ մասը յուրացնելու համար:

Մասնավորապես, ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Հայաստանի մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277.000 լիտր վառելիքից յուրացրել է 156 հազար լիտրը: Այլ կերպ ասած, Հատուկ քննչական մարմնի պնդմամբ, մարզերին հատկացված բենզինի մոտ 60 տոկոսը յուրացվել է:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ավտոտեսուչների համար հատկացված բենզինը օգտագործվել է ոմանց տաքսի ծառայությունները սպասարկելու համար:

Ճանապարհային ոստիկանության 2–րդ գումարտակի վերոհիշյալ հրամանատարը, ով կասկածվում է բենզինի յուրացման համար, Ստեփան Կարախանյանն է, ով արդեն ազատվել է աշխատանքից: Նրան առայժմ մեղադրանք չի առաջադրված:

Գլխավոր դատախազի ցուցումով երեկ Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ոստիկանության վարույթում գտնվող եւս մի քրեական գործ, որը կրկին վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը, սակայն այս անգամ արդեն խոսքը գնում է կաշառք ստանալու մասին:

Մասնավորապես, հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք կաշառք վերցնելով` օրենքի խախտմամբ, առանց թեստավորման եւ քննություն հանձնելու, վարորդական իրավունքի վկայականներ են տրամադրել: Այս գործով կա մեկ կալնավորված:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG