Մատչելիության հղումներ

Փորձագետները մեկնաբանում են թուրքական բանակի գործողությունները քուրդ զինյալների դեմ


Թուրքական բանակը շարունակում է հարձակումը քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ: Վերջին օրերին, պաշտոնական տվյալների համաձայն, Քրդական աշխատավորական կուսակցության 100-ից ավելի զինյալներ են զոհվել, իսկ թուրքական ռազմական ավիացիան շարունակում է ոչնչացնել քրդական ուժերի` Իրաքի հյուսիսում գտնվող ռազմական ենթակառույցները:

Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես էր գալիս քրդերի հետ հաշտեցման հատուկ ծրագրով` «Քրդական նախաձեռնությամբ», եւ վերջին օրերի հարձակողական գործողությունները որոշակի հարցեր են առաջացնում:

Բահչեշեհիրի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքտարը համոզված է, որ «քրդական խնդրում Թուրքիան ոչ թե ռազմական, այլ քաղաքական լուծումների կարիք ունի»:

«Քրդերը բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը: Չի բացառվում, որ նրանք վերադառնան խորհրդարան արդեն հոկտեմբերի սկզբին, երբ Ազգային մեծ ժողովը կվերսկսի աշխատանքը: Բայց մինչ այդ կառավարությունը ինքը որոշեց բոյկոտել քրդերին` չցանկանալով որեւէ առնչություն ունենալ «Խաղաղության եւ Ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչների հետ: Իրականում դա կարծես անհաջող կատակ լինի: Ինչպե՞ս կարող է թուրքական կառավարությունը բոյկոտել քրդերի շահերը ներկայացնող հիմնական քաղաքական ուժին», - տարակուսում է թուրք վերլուծաբանը:

Մեկ այլ հայտնի թուրք հետազոտողի` Բիլգի համալսարանի պրոֆեսոր Սոլի Օզելի կարծիքով, Էրդողանն այսօր որոշել է քրդերի հետ խոսել ուժի դիրքերից` հրաժարվելով «Քրդական նախաձեռնությունը» կյանքի կոչելու մտքից:

«Նման փոփոխության պատճառը Էրդողանի նախագահական հավակնություններն են», - համոզված է Օզելը:

«Կարծում եմ, որ վարչապետը չի ցանկանում վտանգել իր քաղաքական ճակատագիրը` հատկապես եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ երկիրը շուտով կարող է անցնել կառավարման նախագահական համակարգի, իսկ էրդողանը` նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Նման պայմաններում նա թերեւս չի ցանկանում հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը հանրային մեծ աջակցություն չի վայելում: Բանն այն է, որ որեւէ մեկն այդպես էլ հստակորեն չբացատրեց հանրությանը` այդ «Քրդական նախաձեռնության» անհրաժեշտությունը», - նշում է Օզելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG