Մատչելիության հղումներ

Մոսկվայում առաջիկա օրերին սպասվում են ազգայնականների զանգվածային հավաքներ եւ հարձակումներ


Աջ-ծայրահեղականների հավաքը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
Աջ-ծայրահեղականների հավաքը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է անկարգությունների, որոնք կապված են օրեր առաջ 19-ամյա մոսկվացի ուսանող Իվան Ագաֆոնովի սպանության հետ:

Երիտասարդը մահացել էր սամբո մարզաձեւի չեմպիոն Ռասուլ Միրզաեւի հարվածի արդյունքում:

Մոսկվայում այս օրերին մի հսկայական շարժում է սկսվել` հատկապես ինտերնետում: Ռուսաստանցի երիտասարդները սոցիալական ցանցերում բոլորին կոչ են անում այսօր եւ օգոստոսի 28-ին դուրս գալ փողոց ճիշտ այնպես, ինչպես անցած տարի դեկտեմբերի 11-ին, երբ նրանք ազգայնական կոչերով դուրս էին եկել Կրեմլին հարող Մանեժնայա հրապարակ եւ հարձակվել ոչ սլավոնական արտաքին ունեցող երիտասարդների վրա ու դաժանաբար ծեծի ենթարկել նրանց: Տուժածների թվում նաեւ հայեր կային:

Ազգայնամոլների մեծ ակցիա է սպասվում հատկապես օգոստոսի 28-ին` Մոսկվայում կայանալիք «Սպարտակ» - «ՑեԷսԿա» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո: Խաղից հետո ֆուտբոլային ակումբների երկրպագումները մտադիր են սպանված Ագաֆոնովի հիշատակին նվիրված հավաք կազմակերպել:

Անցած տարվա դեկտեմբերյան միջադեպի ժամանակ եւս Մանեժնայա հրապարակում հավաքվածների մեծամասնությունը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն էին:

Ոստիկանությունը հայտարարել է, որ այս անգամ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացրել եւ խոստացել է կանխել հնարավոր անկարգությունները:

Սոցիոլոգ Ալեքսանդր Տարասովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է հավանական 2010-ի դեկտեմբերի 11-ի իրադարձությունների կրկնությունը, մասնավորապես, ասաց. - «Այն, որ աջ-ծայրահեղականները կփորձեն այս իրավիճակը օգտագործել, դա ակնհայտ է` նրանց հենց պատրվակ է հարկավոր: Իսկ այն, թե արդյո՞ք նրանք կկարողանան ինչ-որ բան անել, թե ոչ, կախված է իշխանություններից»:

Սոցիոլոգը հավելեց, որ անցած տարի 3 օր առաջ արդեն հայտնի էր, որ Մանեժնայա հրապարակում հավաքվելու են ազգայնամոլները, սակայն ոստիկաններն այն ժամանակ ոչինչ չարեցին այդ հավաքը կանխելու համար:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG