Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների փաստաբանը «Հանցագործության մասին» հաղորդում կներկայացնի Գլխավոր դատախազին


Փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատրաստվում է այսօր «Հանցագործության մասին» հաղորդում ներկայացնել Հայաստանի գլխավոր դատախազին:

Փաստաբանը պնդում է, որ ինքը եւ փաստաբան Վահե Հովսեփյանը ոստիկանությունում բռնության են ենթարկվել, երբ փորձել են պաշտպանել օգոստոսի 9-ի երեկոյան ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժին բերման ենթարկված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների շահերը:

Վահե Հովսեփյանը «Հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել մի քանի օր առաջ: Բացի այդ, օգոստոսի 12-ին Հայաստանի փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել, որով ապօրինի էր որակել ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողությունները:

«Ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվում, որի շրջանակներում նաեւ ես եմ ներկայացել բացատրություն տալու: Ճիշտն ասած, հրաժարվել եմ բացատրություն տալուց, նշել եմ, որ գտնում եմ, որ օբյեկտիվ քննություն չեմ ակնկալում որ կկատարվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Ստեփան Ոսկանյանը: - «Մյուս փաստաբանը արդեն ներկայացրել է հաղորդում: Բնականաբար, ես էլ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում, դատախազությունից պահանջելու ենք, որ քննությունը կատարվի Հատուկ քննչական ծառայությունում, հարուցվի քրեական գործ, պարզվեն մեղավոր անձինք եւ պատասխանատվության ենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանության հետ քաշքշուկի պատճառով ձերբակալված ՀԱԿ յոթ ակտիվիստներից կալանավորվել էին երեքը: Անցած ուրբաթ Վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորված երեք ակտիվիստներից երկուսի բողոքը եւ կալանքից ազատեց Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին: Վերաքննիչ դատարանը մերժեց նույնքան գրավի դիմաց ազատ արձակել այս գործով ամենածանր մեղադրանքներով կալանավորված Տիգրան Առաքելյանին:

Արտակ Կարապետյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Սարգիս Գեւորգյանը` խուլիգանության մեջ: Տիգրան Առաքելյանին մեղադրանք ներկայացվել է երեք հոդվածով` խուլիգանություն, նաեւ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելը:

Ընդդիմադիր երիտասարդները այս մեղադրանքները չեն ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG