Մատչելիության հղումներ

Օգոստոսի 25-ի մամուլ


«Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությանն անդամագրված ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտ»-ի հետ հարցազրույցում ասում է. - «Ցավոք, ՀՀՇ-ն այլեւս հանդես չի գալիս որպես ինքնուրույն կուսակցություն: ՀՀՇ-ն դարձել է ՀԱԿ-ի օժանդակ կառույց, որը սպասարկում է Կոնգրեսին ու նրա միջոցառումները: ՀՀՇ-ն վերջին տարիների ընթացքում հանդես չի եկել եւ ոչ մի նախաձեռնությամբ. թերեւս միակ բացառությունը Եվրոպական լիբերալ դեմոկրատներին անդամակցությունն էր, որը 10-ամյա գործունեության արդյունք էր: ՀՀՇ-ն կոլեգիալ որոշումներ ընդունող կառույց էր, բայց վերջին տարիներին այլեւս այդպես չէ` ՀՀՇ-ն կառավարվում է ՀԱԿ-ի կողմից, եւ դա ցավալի իրողություն է: Սա ոչ թե ՀԱԿ-ի նկատմամբ որեւէ բացասական իմաստով եմ ասում, այլ նկատի ունեմ, որ կուսակցությունը կաշկանդված է ինքնուրույն գործելու հարցում, քանի որ ստիպված սպասարկում է ավելի լայն կառույցի շահերը: Լրիվ հասկանալի է` այդ լայն կառույցը ձեւավորվեց խնդիր լուծելու` իշխանափոխության համար, մի կողմ դնելով գաղափարական տարբերությունները: Բայց մյուս կողմից` կուսակցությունը պետք է նաեւ շարունակի իր գաղափարները տարածելու, նոր ծրագրերով հանդես գալու գործունեությունը»:

«168 ժամ թերթը հարցազրույց է հրապարակել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցին` եթե բանակցությունների ընթացքում իշխանությունը ոչ մի կերպ չհամաձայնեց արտահերթ ընտրությունների գաղափարին, ի՞նչ պետք է անի Հայ ազգային կոնգրեսը, Փաշինյանը պատասխանում է. - «Լինելու է ջրբաժան: Կոնգրեսը Ազատության հրապարակում մոբիլիզացնելու է առավելագույն թվով քաղաքացի եւ արտահերթ նախագահական ընտրությունների նրանց քաղաքական դիրքորոշումը տեսանելի կերպով ցուցանելու է հրապարակում: Կլինի՞ արդյունավետ, թե՞ ոչ: Կա այսպիսի քաղաքական հասկացություն` վճռորոշ մեծամասնություն: Եթե ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնության կարծիքն արտահայտվի Ազատության հրապարակում, արտահերթ ընտրություններից խուսափել ուղղակի հնարավոր չի լինի»: Հարցին, թե համոզված է, որ ՀԱԿ-ն այլեւս կկարողանա հավաքել այդ մեծամասնությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. - «Ես կասկած չունեմ, որ վճռորոշ պահին վճռորոշ մեծամասնությունը լինելու է Ազատության հրապարակում, եւ ոչ թե տուն է գնալու, այլ տուն է ուղարկելու ավազակապետության պարագլուխներին»:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանն անդրադառնում է հայ-թուրքական արձանագրություններին առնչվող վերջին զարգացումներին. - «Ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը հայ-թուրքական արձանագրությունների ակնհայտ ձախողման փաստից առավելագույն դիվանագիտական շահաբաժին կորզելն է՝ այս համատեքստում դիտարկելով դրանց «տակից» սեփական ստորագրության հետկանչման հեռանկարները։ Պատճառն այն է, որ իրականում արձանագրություններն արդեն մեռած են, բայց թաղված չեն, ուստի անհրաժեշտ է այնպես կազմակերպել դրանց «թաղման արարողությունը», որ հակառակորդը զրկվի հետագա շահարկումների հնարավորությունից։ Իսկ դրա համար պահանջվում են ոչ թե «շտապ հանդիպակաց քայլեր», այլ նախաձեռնողական քաղաքականություն՝ Հայաստանի շրջափակման վերացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ այլ հարցերի շուրջ։ Ստեղծված նոր իրավիճակը, որ վկայում է Թուրքիայի ինքնավստահության մեծացման եւ Արեւմուտքի ճնշումների հանդեպ իրեն անխոցելի երեւակայելու մասին, բարենպաստ է Հայաստանի շրջափակման վերացման եւ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման խնդիրները հրատապ դարձնելու համար»։

«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - « Երբ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունում էր Հայաստանի անկախության հռչակագիրը, բոլորը խորապես համոզված էին, որ 20 տարի անց, այսինքն՝ այսօր, ունենալու ենք կայացած, ժողովրդավարական պետություն: Նպատակը հստակ էր յուրաքանչյուրի համար, թեեւ բոլորն էին գիտացում՝ կարեւորը ոչ այնքան անկախության հռչակումն է, որքան դրա կենսագործումը: Սակայն այսօր էլ դեռ երկրի նախագահը հայտարարում է, թե 20 տարի անց ունենալու ենք ժողովրդավարական երկիր: Ստացվում է, որ ուղղակի վատնել ենք անցած 20 տարիները` ժողովրդավարացման ճանապարհին չունենալով էական ձեռքբերումներ: 1990-ին ռոմանտիկ հավատ կար անկախությունը հռչակողների, անկախ, ժողովրդավարական Հայաստանի ապագայի նկատմամբ: Այսօր մարդիկ իրատես են. այդ հավատը սասանված է, այդ պատճառով էլ երկրի նախագահի հայտնած համոզվածությանը մարդիկ վերաբերվում են անթաքույց թերահավատությամբ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG