Մատչելիության հղումներ

«Հյուսիս-Հարավ» ԾԻԳ-ը շահառուներին ներկայացնում է փոխհատուցման մեխանիզմները


«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ԾԻԳ-ի մասնագետներն այս օրերին շրջում են Արագածոտնի մարզի 16 գյուղական համայնքներում եւ հանդիպում այն շահառուների հետ, որոնց հողը կամ գույքը ճանապարհը կառուցելիս կհայտնվի իրացման գոտում:

ԾԻԳ-ի մասնագետները ներկայացնում են առաջարկվող փոխհատուցման մեխանիզմները: Այս պահին տվյալներով` մոտ 1650 սեփականատեր զրկվելու է իր ունեցվածքից:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ԾԻԳ-ի վերաբնակեցման մասնագետ Էրիկ Գրիգորյանի խոսքով` գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական հողերի համար փոխհատուցման սկզբունքը հետեւյալն է` հողի շուկայական կամ կադաստրային արժեք` գումարած 15 տոկոս:

«Ընդ որում, եթե շուկայական արժեքը ավելի բարձր կլինի, կհաշվարկվի շուկայական արժեք` գումարած 15 տոկոս», - ասաց Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Վերաբնակեցման մասնագետի խոսքով` մեկ քմ հողակտորի համար չկա որեւէ ընդհանրացված արժեք:

«Ամեն հող գնահատվում է առանձին, անհատական», - ասաց Գրիգրոյանը:

Կառավարության որոշմամբ արդեն 595 հողակտոր ճանաչվել է որպես գերակա շահ, եւ դրանք ենթակա են օտարման: Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, ով ներկա էր քննարկմանը, կարծիք հայտնեց, որ հողերի համար պիտի միասնական գին որոշվի, այլապես փոխհատուցման այս եղանակը կարող է դժգոհությունների տեղիք տալ: Մնացականյանի խոսքով` ծրագրի շրջանակներում թալինցի 45-46 ընտանիք փոխհատուցում կստանա:

Հողատարածքներից բացի նաեւ շենք-շինություններ կան, որոնք եւս ենթակա են օտարման:

«Շենքերի, շինությունների դեպքում փոխհատուցումը իրականացվում է ըստ փոխարինման սկզբունքի` գումարած 15 տոկոս, այսինքն ինչ կարժենա այդ շենքը-շինությունը նորից կառուցելը` հաշվարկելով ե'ւ աշխատուժը, ե'ւ շինանյութը, եւ նախագծային աշխատանքները», - տեղեկացրեց Էրիկ Գրիգորյանը:

Թալինի բնակչուհի Զեմֆիրա Խաչատրյանը, ում պատկանող 300 քմ հողատարածքը հայտնվել է իրացման գոտում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է. - «Եթե հարմար գին տան, հարմարվեն, գիտենամ, որ ինչ-որ մի բանից օգուտ է գալիս, կհամաձայնվեմ, ի՞նչ պիտի անեմ, ո՞վ կարող է պետության դեմ կանգնել»:

Եթե շահառուն համաձայն չէ իր ունեցվածքի գնահատված գումարի հետ, այն կարող է վիճարկել դատական ճանապարհով: Որոշ համայնքներում կան նաեւ բացակա շահառուներ, որոնց գույքը եւս օտարվելու է:

«Ամեն պարագայում յուրաքանչյուր հողակտորի համար փոխհատուցումը հաշվարկվելու է եւ փոխանցվելու է հատուկ բանկային հաշվի: Երբ սեփականատերը ի հայտ գա, կկարողանա ստանալ փոխհատուցումը», - վստահեցրեց Էրիկ Գրիգորյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG