Մատչելիության հղումներ

logo-print

ՈՒՂՂՈՒՄ. Wikileaks-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին


Wikileaks կայքը հրապարակել է 2005 թվականին ապրիլի 25-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետը առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները: Հայաստանի պատասխանը ընդհանուր առմամբ էր ներկայացվել, նամակի տեքստը բացահայտված չէր:

Wikileaks-ն այսօր հրապարակել է Քոչարյանի նամակի տեքստը, որը այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը ուղարկել է ԱՄՆ-ի պետքարտուղարություն` դրան կցելով Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունները:

«Հարգելի վարչապետ», - գրել է Հայաստանի նախագահը, - «Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ»:

Քոչարյանը գրել է, որ «կան հարեւան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, որի մասին նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր նույնիսկ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները»:

«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», - գրել էր Քոչարյանը, ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատենք նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: - «Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:

Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է Հայաստանի արտգործնախարարության «ոչ-թղթային» տեսակետը էրդողանի նամակի վերաբերյալ:

Փաստաթղթում ասվում է, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ` 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից` հակազդելու համար ցեղասպանության ճանաչմանը, հատկապես երբ միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունը ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ:

Այդուհանդերձ, Հայաստանի ԱԳՆ-ը նշում, էր որ առաջին անգամն է, որ նման առաջարկը արվում է գրավոր եւ ամենաբարձր մակարդակով` միեւնույն ժամանակ լուրջ մտահոգություն հայտնելով Էրդողանի նամակի լրջության եւ անկեղծության կապակցությամբ: Որպես ասվածի ապացույց, Հայաստանի ԱԳՆ-ը նշում է, որ մինչեւ Երեւան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում` ցույց տալու համար, որ մերձեցման եւ հաշտեցման գործընթաց է ընթանում ու ԱՄՆ-ի որեւէ գործողության, ինչպես եւ Կոնգրեսի որեւէ բանաձեւի անհրաժեշտությունը չկա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, եւ հույս հայտնում, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին` նորմալացնելու հարաբերությունները:

ՈՒՂՂՈՒՄ. Հոդվածի նախնական տարբերակում տեղի է ունեցել թարգմանչական սխալ. Հայաստանի արտգործնախարարության տարածած «ոչ-թղթային» տեսակետը ներկայացվել է որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունը: Հայցում ենք կայքի ընթերցողների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG