Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնին երեք թեկնածու է հավակնում


Տեսարան Ստեփանակերտից
Տեսարան Ստեփանակերտից
Չորեքշաբթի օրը ավարտվել է Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրումը:

Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Ստեփանակերտի համայնքի ղեկավարի պաշտոնում 3 թեկնածու է առաջադրվել, 15 տեղանոց ավագանու անդամի պաշտոնում` 41 հոգի, իսկ ԼՂ մյուս համայնքների ղեկավարների պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը եւ անունները այս պահի դրությամբ «հավաքագրման փուլում են»:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին գրանցված թեկնածուն ԼՂ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանն է, ով, ամենայն հավանականությամբ, կլինի իշխանությունների համակրանքը վայելող թեկնածուն: Այս օրերին ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնամքով գաղտնի էր պահում Սուրեն Գրիգորյանի առաջադրման մասին տեղեկատվությունը եւ լրագրողների հարցումները անպատասխան էր թողնում:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս երկու թեկնածուները առաջադրվեցին միայն այսօր:

Քաղաքապետի թեկնածու Մարատ Հասրաթյանը, ով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է եւ աշխատում է ԼՂ սոցապ նախարարությունում` որպես իրավաբան, ինչպես նաեւ ավագանու անդամ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այս վերջին տարին ցույց է տվել, որ թաղամասի ազգաբնակչության` պատգամավորին հղած հարցերի մեծամասնությունը զուտ տեղական ինքնակառավարման մարմին լիազորություններին վերապահված խնդրանքներ եւ հարցեր են: Այս վերջին 4 տարիներին, հանդիսանալով նաեւ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ եւ քաջ գիտակցելով եւ պատկերացնելով այն բոլոր հնարավորությունները եւ անելիքները, որոնք վերապահված են տեղական ինքնակառավարման մարմնին, ես որոշեցի առաջադրվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնում»:

Քաղաքապետի երրորդ թեկնածուն Էդվարդ Աղաբեկյանն է, ով 2004-2008 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Սեպտեմբերի 18-ին ԼՂ 227 համայնքներից 209-ում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: ԼՂ-ում ՏԻՄ ընտրությունները առաջին անգամ անցկացվել են 1998 թվականին:
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG