Մատչելիության հղումներ

Մահացած զինվորի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը


Բանակում մահացած զինծառայող Վարդան Սեւյանի մայրը` Սուսաննա Սեւյան
Բանակում մահացած զինծառայող Վարդան Սեւյանի մայրը` Սուսաննա Սեւյան
Օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում մահացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Վարդան Սեւյանի մայրը` Սուսաննա Սեւյանը կտրականապես բացառում է Պաշտպանության նախարարության առաջ քաշած վարկածը, թե զինվորն ինքնասպան է եղել: Դեպքից հետո իբրեւ ինքնասպանության դրդապատճառ շրջանառվում էր զինվորի սիրած աղջկա ամուսնությունը:

«Ինքը ոչ մի ընկերուհի չի ունեցել, ես իրեն նույնիսկ մի օր ասացի` կարողա՞ ընկերուհի ունենաս, ձեռքից բռնես, գաս: Հարցրել եմ արձակուրդի ժամանակ` դեկտեմբերին, մեկ էլ էս վերջերս, ծիծաղելով ասաց` մամ ջան, ինչ աղջիկ, ինչ բան, ես էնքան պլաններ ունեմ, աղջկա վա՞խտ ա: Տենց բան չկա», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց Սուսաննա Սեւյանը:

Զինվորի քույրը` 20-ամյա Արմինե Սեւյանը եւս վկայեց, որ եղբայրը բազմիցս ասել է, որ ընկերուհի չունի:

«Մեր Վարդանը շատ ամաչկոտ էր: Ինքը էսքան ժամանակ ոչ մի աղջկա աչքերի մեջ չի նայել: Ընկերուհու պատճառով [ինքնասպանությունը] ընդամենը հորինվածք է: Չէին կարող ասել, թե ինքը ծառայության ընթացքում պրոբլեմներ է ունեցել, որովհետեւ դա իրենց վաշտի վրա մինուս է, դրա համար արանքում գտել են ընկերուհու [վարկածը]: Մենք իրար հետ ընթացքում շատ ենք խոսել, մի անգամ կատակով հարցրեցի` Վարդան ջան, պրոբլեմ ունե՞ս, գամ լուծեմ, ասաց` Արմին ջան, ի՞նչ պիտի անես, ստեղ ընդամենը մի պագոնավոր շանորդի կա, եթե կարաս, իրա հախից արի: Բայց էդ «պագոնավոր շանորդին» մինչեւ հիմա իմ ուղեղում է, որ ինքը կատակով` բայց հուշեց, հասկացրեց», - ասաց Արմինե Սեւյանը:

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված գործով ձերբակալվածներ չկան. - «Հնարավոր բոլոր վարկածները դիտարկվել են, սակայն այս պահին ավելի հիմնավոր է ինքնասպանության վարկածը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունը դեռ չկա», - փոխանցեցին քննչական վարչությունից:

Քննչական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ դեպքը ճամբարային հավաքի ժամանակ է եղել, զինվորը ինքնասպան է եղել վրանում: Դեպքի ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրի, վրանում որեւէ այլ զինվոր ներկա չի եղել, եւ հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ, ովքեր մոտ են եղել վրանին:

Մինչդեռ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե դեպքի ժամանակ վրանում բացի Վարդանից եղել է մեկ այլ զինվոր:

«Այդ պահին մեկ հոգի վրանում քնած է եղել, կրակոցի ձայնից է զարթնել», - ասաց Պողոսյանը, ով նույնպես ասաց, որ այժմ գործն ընթանում է ինքնասպանության վարկածի շուրջ:

Հիշեցնենք, որ դեպքի հաջորդ օրը` օգոստոսի 20-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Վարդան Սեւյանը, «ըստ նախնական տվյալների` ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»: Զինվորի մայրը եւ քույրն ասացին, թե տեսել են կրակոցի հետքը` ձախ ականջի տակ` փոքրիկ, սեւ անցք, բացի այդ` վզի վրա տեսել են նաեւ երկու զուգահեռ կար:

«Եթե երեխեն իրան կրակեր, նա ձախ ձեռքով չէր կարողանա կրակել», - ասում է մահացած զինվորի մայրը:

«Ես համոզված եմ, որ դա զինվորի արած բան չէ: Դա երկար մտածված արարք է: Առաջին հերթին իրա վիզը կտրել են, հետո նոր ձեւական կրակել են », - շարունակում է քույրը:

Վարդանի մայրը փորձում է գտնել որդուն մահվան հետ կապված մի շարք հարցերի բացատրությունը:

«Էրեխուն դիահերձում են, դեռ չվերջացրած, զանգահարում են, կամանդիրը վռազացնում է, ասում է` Վարդանին պիտի բերեք, հաջորդ օրը թաղեք: Ուղարկում է, հանձնի մայր հողին, հետքերը կորցնի, որ տե'ս, սրա հերը խեղճուկրակ մարդ է, փախստական է, հայերեն երկու բառ չի կարում խոսա, դե մերն էլ կորած, մոլորված մայր է: Էլ չի իմանում, որ ես էրեխուս հիշատակը վառ եմ պահելու: Ես մինչեւ վերջ էլ բողոքելու եմ», - ասաց Սուսաննա Սեւյանը:

Նախաքննական մարմինը դեռ չի լսել տուժող կողմին եւ դեռեւս ցույց չի տվել, պաշտոնական պնդումներով, ինքնասպանության դրդապատճառ համարվող` աղջկա լուսանկարն ու գրությունը, որ, ըստ քննիչների, թողել է զինվորը:

please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG