Մատչելիության հղումներ

Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է


Լիբիացի ապստամբները տոնում են իրենց հաղթանակը

Լիբիացի ապստամբները տոնում են իրենց հաղթանակը

Որտե՞ղ է գնդապետ Քադաֆին: Այս հարցն այսօր հուզում է ոչ միայն լիբիացի ապստամբներին, որոնք երեկ երեկոյան մի քանի ժամ տեւած կատաղի մարտերից հետո գրավեցին Քադաֆիի` Բաբ Ալ-Ազիզիա շրջանում գտնվող նստավայրը, այլեւ ողջ միջազգային հանրությանը:

Այն, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ողջ է, ազատության մեջ, եւ հաստատակամ է պայքարը շարունակելու հարցում, պարզ դարձավ մի քանի ժամ առաջ, երբ Տրիպոլիում գործող ռադիոկայաններից մեկը հեռարձակեց գնդապետի հեռախոսային ուղերձը:

«Ես կոչ եմ անում երիտասարդությանը, ցեղախմբերի ներկայացուցիչներին, Տրիպոլիի բնակիչներին` միավորվեք եւ մաքրեք մայրաքաղաքն անհավատներից», - հայտարարեց Քադաֆին` պնդելով, թե կառավարական ուժերի նահանջը Բաբ Ալ-Ազիզիայից պարզապես մարտավարական հնարք էր, որի նպատակը ուժերի վերախմբավորումն էր:

Այս պահին հիմնական մարտերը շարունակվում են Տրիպոլիի հարավ-արեւմտյան հատվածում, նախեւառաջ` «Ռիքսոս» հյուրանոցի մերձակայքում, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ արգելափակված են մնում մի քանի տասնյակ օտարերկրացիներ, այդ թվում` մեկ ամերիկացի կոնգրեսական եւ Հնդկաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ:

Լիբիացի ապստամբների կարծիքով, սակայն, մարտական գործողությունները աստիճանաբար տեղափոխվելու են Լիբիայի հարավային շրջաններ:

Անցած գիշեր մարտեր են տեղի ունեցել Տրիպոլիից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաբհա քաղաքի մատույցներում: Արեւմտյան աղբյուրների տեղեկություններով, Քադաֆիին հավատարիմ ուժերը աստիճանաբար կենտրոնանում են գնդապետի հայրենի Սիրթե քաղաքում:

Լիբիացի ապստամբների հայացքը եւս ուղղվում է դեպի երկրի հարավը:

«Այս հաղթանակների ֆոնին մենք չպետք է մոռանանք երկրի հարավային շրջանների մասին: Երկրի ազատագրված հատվածներում բնակվող քույրերն ու եղբայրները չպետք է մոռանան, որ հարավում դեռեւս քաղաքներ կան, որոնք շարունակում են մնալ Քադաֆիի ուժերի հսկողության ներքո», - այսօր հայտարարեց Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG