Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը մտահոգված է Երեւանում գործող հանցավոր խմբի գործունեությամբ


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնի դարձած ավազակային հարձակումների կապակցությամբ` որակելով դրանք բանդիտիզմ:

Հիշեցնենք, որ անցած կիրակի ավազակային հարձակման զոհ դարձավ նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանը: Առավոտյան ժամը 5-ին դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին Կիլիկիա թաղամասում գտնվող Ազիզյանի տուն, ծեծի էին ենթարկել նախկին պատգամավորին, նրա կնոջը եւ դստերը, այնուհետեւ զենքի սպառնալիքով նրա տնից, ըստ մամուլի, տարել էին 300 հազար դոլարին համարժեք գումար եւ գույք:

Անցած երկու ամիսներին նմանատիպ ավազակային հարձակման զոհ դարձան նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը եւ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանը: Այս երկու դեպքում էլ զինված եւ դիմակավորված անձինք առավոտյան մուտք էին գործել նրանց տուն, կրկին ծեծի ենթարկել տան անդամներին եւ զենքի սպառնալիքով հափշտակել մեծ չափերի հասնող գումարներ: Ի դեպ, դիմակավորված անձինք երկու դեպքում էլ գողոնը տեղափոխել են պաշտոնյաներին պատկանող ավտոմեքենաներով:

Այսօր, անդրադառնալով այս դեպքերին, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած եւս երկու ավազակային հարձակումներին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ ցուցում է տվել այդ 5 ավազակային հարձակումների գործերը միավորել մեկ վարույթում, որովհետեւ պարզ է, որ դրանք կատարվում են մի ձեռագրով:

«Ակնհայտ է, որ կատարվում է մի խմբի կողմից, որոնք զինված են, կայուն, հանցավոր խումբ են», - ասաց Հովսեփյանը` շարունակելով. - «Դրա համար մենք ցուցում տվեցինք նաեւ, որ այդ արարքները վերաորակավորվեն ոչ թե որպես ավազակություն, այլ` բանդիտիզմ»:

Երեկ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերի քննության հետ կապված գլխավոր դատախազությունում խորհրդակցություն է տեղի ունեցել: Աղվան Հովսեփյանը քննադատել է ոստիկանությանը` ասելով, որ եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին երկու դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ եւ բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա:

Մինչդեռ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ոստիկանությունը այս հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ պատշաճ աշխատանքներ է կատարում. ստեղծվել է հատուկ օպերատիվ խումբ, որը միմիայն այս հանցագործությունների բացահայտմամբ է զբաղվում: Այսօր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օպերատիվ խմբի հետ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ որոշվել է խմբերում ներգրավել փորձառու եւ բանիմաց աշխատակիցների:

«Առայժմ բացահայտման ուղղությամբ դրական որեւէ բան չունենք, սակայն ինտենսիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են տարվում: Իհարկե, մեզ էլ է մտահոգում կոնկրետ այս հանցախմբի կողմից կատարված հարձակումները, որովհետեւ գործում են շատ հանդուգն, ձեռագրի ընդհանուր նմանություն կա, եւ կայուն հանցավոր խումբ է: Հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրենք տարբերվում են մի շարք այլ հանցախմբերից, գործում են ավելի կազմակերպած», - ասաց Պողոսյանը:

Փոխոստիկանապետը ասաց, որ այս բանդայի հարձակումներից տուժածները նշել են, որ խմբի անդամները խոսում են հայերեն, ընդ որում, հանցագործները տուժողների հետ շփվել են գրական հայերենով:

«Հանցախմբի մի շարք անդամներ, եւ կարծում եմ` հիմնական կազմը տեղաբնակներ են: Որ կայուն հանցավոր խումբը ձեւավորվել է Հայստանում, գործում է Հայաստանում, դրանում կասկած չկա», - ասաց փոխոստիկանապետը:

Պողոսյանը նշեց, թե ենթադրում են, որ հանցագործները մինչեւ հարձակվելը նախապես ուսումնասիրում են տեղանքը, հետեւաբար նա բնակիչներին զգուշության կոչ արեց:

«Չեմ ուզում, որ որեւէ մեկը խուճապի մատնվի, ուղղակի բոլորին կոչ եմ անում զգույշ լինել, ուշադիր լինել եւ համագործակցել ոստիկանության հետ», - ասաց Պողոսյանը` քաղաքացիներին խորհուրդ տալով կասկածելի անձանց նկատելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանությանը:

Ըստ ոստիկանության` գրական հայերեն խոսող այս հանցավոր խումբը գիշերային հարձակումներն իրականացնում առայժմ միայն Երեւան քաղաքում:
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG