Մատչելիության հղումներ

Օգոստոսի 24-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Տարեսկզբին, երբ սոցիալական տարբեր խմբեր փողոց էին դուրս գալիս` լոկալ ակցիաներ իրականացնելու, ՀԱԿ-ն իր պարտքն էր համարում նրանց պահանջները բանաձեւել որպես քաղաքական պայմաններ: Դրա շնորհիվ հաջողեց իշխանությունից առաջին հերթին իր շահերից բխող զիջումներ կորզել եւ վերջինիս «նստեցնել» երկխոսության բանակցությունների սեղանի շուրջը: Բայց դրանից սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, գնաճը շարունակվեց սահուն տեմպերով, իսկ կրպակների ապամոնտաժման հետ կապված որոշման արդյունքում շատ քաղաքացիներ կանգնել են ապրուստի միջոցը հոգալու հնարավորությունից զրկվելու վտանգի առջեւ: Իսկ հասարակության անունից հանդես գալու իրավունքը ուզուրպացնել փորձող Կոնգրեսն այդ գործընթացները ոչ մի կերպ նկատել չի ցանկանում»:

Մամուլը շարունակում է արձագանքել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կառույցի դեմարշին: «Սոցիալ-դեմոկրատ հնչակյանները ողջունում են ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի մարմնի դեմարշը եւ ափսոսում, որ համահնչակյան կենտրոնը դեռ չի բացել աչքերը» ենթավերնագրի ներքո «Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: «Եթե Հայաստանում հնչակյան կառույցն ուղիղ ազգային նպատակներով կանգնած է ժողովրդի կողքին` երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, ապա ՀՅԴ հայաստանյան կառույցը մշտապես եղել է իշխանության հետ համագործակցության կամ իշխանության մեջ` ընդդիմության իմիտացիա ստեղծելով: Հայաստանյան դաշնակցականներն ունեն բիզնեսներ, անձնական շահեր` ՀՅԴ իրական շահերից դուրս: Մինչդեռ, լինելով հայաստանակենտրոն, դաշնակցականները մեծ հնարավորություններ ունեին իրապես ազգին ծառայելու, հնարավորություն տալու կուսակցությանը ծավալվելու եւ ազգային շահերով առաջ գնալու, բայց նրանք օգտվեցին մեկ այլ հնարավորությունից` հարստանալ` ծառայելով ինչ-որ իշխանիկների», - թերթի հետ զրույցում ասում է Լյուդմիլա Սարգսյանը` ողջունելով հիշյալ դեմարշը եւ նկատելով, որ դա կարող էր եւ պետք էր որ ավելի վաղ եղած լիներ` 2008-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

«Հայոց Աշխարհ»-ը Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձի թեմայով զրույցել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Հարցին, թե ինչո՞վ բացատրել, որ ժողովուրդը մի տեսակ անհաղորդ է իրադարձային այս հանգրվանին եւ համարժեք չի արձագանքում օրվա խորհրդին, Սահակյանը պատասխանում է. - «Չէի ասի, թե ժողովուրդը անտարբեր է։ Իսկ թե ինչո՞ւ մեր հանրությունը համատարած չի մասնակցում նման կարգի միջոցառումներին` դա ունի իր ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ քաղաքական դրդապատճառները։ Ժողովուրդը պիտի կարողանա սեփական մաշկի վրա զգալ անկախության արդյունավետությունը` ի դեմս իր կենսամակարդակի բարձրացման։ Բայց եկեք տեսեք, որ այդպես չի լինում։ Անկախությունը ունի իր գինը։ Ձեռք բերել անկախություն եւ ամրապնդել, ավելի հաստատուն դարձնել այդ անկախությունը` տարիների, տասնամյակների, միգուցե նույնիսկ հարյուրամյակների խնդիր է։ Այս գիտակցությունը ժողովրդի մեջ կհառնի այն պահին, երբ մարդիկ իրենց առօրյա հոգսերից դուրս կկարողանան գնահատել ե՛ւ անկախությունը, որպես ազգային արժեք, ե՛ւ պատմական ժամանակաշրջանը` իր առանձնահատկություններով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններով հանդերձ»։

«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի քրեական վերաքննիչ, ապա Արաբկիրի դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը նշում է, որ Հայաստանում դատավորներն անպաշտպան են, քանի որ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված են: «Ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դիմում եմ գրել, ազատվել եմ եւ մտավախություն չունեմ: Ներկայումս աշխատող դատավորները բոլորը հավի սիրտ կերած մարդիկ են, եթե նրանցից որեւէ մեկը որեւէ բան բարձրաձայնի, ընդվզի` վիզը կկտրեն», - թերթին ասել է նախկին դատավորը:

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ: Հարց. - «Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ իր ելույթում քննադատեց թիկնազորի շքահանդեսը, սակայն դրանից հետո Ձեր որդուն հաճախ են տեսնում Երեւանի փողոցներում թիկնազորի ուղեկցությամբ»: Պատասխան. - «Մենք դրա դեմ պայքարը տանում ենք, որ թիկնազորով չլինեն, մարդը կարող է լինել իր մեքենայով, ոչ թե մի քանի: Կարող է ունենալ օգնական, խորհրդական, որ հետը մի հոգի լինի, բայց մեքենաների շարասյուները՝ բոլորդ շատ լավ տեսնում եք, որ նախագահի ելույթի մյուս օրվանից սկսած դա կատարվել ա, եւ քաղաքում լկտիություններ չկան: Իսկ իմ տղայի հետ միշտ երկու ընկերներն են եղել, քանի որ ինքն աշխատում ա, բիզնեսմեն ա, բայց դիտողություն ա արվել, եւ իմ տղան էլ իրավունք չունի: Ինքը մեքենայով ախրանայով ման չի եկել, ուղղակի ընկերներից են, որոնք միշտ եղել են իրա հետ, շրջել են, դա էլ ա արգելված, կատեգորիկ, իհարկե դա առաջինը վերաբերվում ա ինձ եւ իմ տղային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG