Մատչելիության հղումներ

logo-print
Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել «Հայջրմուղկոյուղուն»` կոյուղաջրերը առանց մաքրման Ողջի գետ թափելու համար:

Կապան քաղաքի կոյուղաջրերն առանց մեխանիկական ու կենսաբանական մաքրման ենթարկվելու թափվում են Ողջի գետը: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը պնդում է, որ կոյուղաջրերը մաքրելու հնարավորություն չունի:

Կապանի 5 բնակիչներ դատի են տվել բնապահպանության նախարարությանը` դատարանից պահանջելով ստիպել բնապահպանության նախարարությանը վարչական պատասխանատվության ենթարկել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոյուղաջրերը Ողջի գետ թափելու համար: Իսկ եթե «Հայջրմուղկոյուղին», ենթարկվելով վարչական պատասխանատվության, շարունակի աղտոտել գետը, կապանցիները պահանջելու են ընկերությանը ենթարկել քրեական պատասխանատվության ու զրկել կառավարման արտոնագրից:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը, ով բնապահպանության նախարարությանը դատի տված 5 կապանցիներից մեկն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գետը չաղտոտելու խնդրանքով բազմիցս դիմել են ընկերությանը: Ընկերությունից արձագանքել են, որ ընկերությունը կոյուղաջրերի մաքրման կայանը վերականգնելու կամ էլ նորը կառուցելու միջոցներ չունի:

«Իրենց գլխավոր տնօրենը` Պատրիկ Լորենը, հայտարարել է, որ` մենք գումարներ չունենք, ահռելի գումարների մասին է խոսքը: Իսկ բնապահպանության նախարորությունը օրենքով սահմանված ոչ մի գործողություն չի իրականացնում, որպեսզի այդ մարդկանց կարգի հրավիրի», - պատմեց Արթուր Ղազարյանը: - «Գումարներ չունեին` պետությունից չվերցնեին այդ համակարգի կառավարումը: Թողնեին պետությանը` պետությունը կմտածեր դրա մասին: Կառավարումը հանձնել են ֆրանսիական «Սաուր» ընկերությանը, որ ներդրումներ կատարի, իսկ ընկերությունը միայն փող է հավաքում ու ցանցը չի կարգավորում»:

Բնապահպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ավելի ուշ կարձագանքեն կապանցիների ձեռնարկած դատական գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG