Մատչելիության հղումներ

Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատավոր Մայքլ Օբուսի որոշմամբ այսօր կարճվել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն, ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն, ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանի սեռական սկանդալի ոդիսականը, այսպիսով, ավարտվեց:

Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վանսը դատավոր Մայքլ Օբուսին դիմել էր Ստրոս-Կանին ներկայացված բոլոր մեղադրանքները չեղյալ հայտարարելու առաջարկով։

Դատախազությունն իր դիմումը բացատրել է «տուժող անձ ներկայացողի ցուցմունքներում բազմաթիվ հակասությունների եւ ոչ արժանահավատ պնդումների հանգամանքով»։

Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, «Սոֆիտել» հյուրանոցի 32-ամյա սպասուհին ոչ միայն այդ գործով հարցաքննությունների ընթացքում է ստել, այլեւ կեղծ տեղեկություններ է գրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու դիմումներում։

Պարզվել է նաեւ, որ Գվինեայից Միացյալ Նահանգներ տեղափոխված այդ կինը բանտարկված մի գվինեացի քրեականի հետ բջջային հեռախոսով քննարկել է «հարուստ կլիենտ Ստրոս-Կանից զանազան ուղիներով փող պոկելու տարբերակներ»։

Դոմինիկ Ստրոս-Կանին ձերբակալել էին այս տարվա մայիսի 14-ին այն բանից հետո, երբ սպասուհին` Նաֆիսատու Դիալոն, դիմել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին, ապա ոստիկաններին` պնդելով, թե Ստրոս-Կանի կողմից հյուրանոցի համարում սեռական բռնի գործողությունների է ենթարկվել։

Մի քանի օր Ստրոս-Կանն անցկացրել է Նյու Յորքի բանտում, ապա Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի համաձայնությամբ նրա նկատմամբ, մեկ միլիոն դոլար գրավի դիմաց, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում Դոմինիկ Ստրոս-Կանը ստիպված է եղել ձեռքին կրել էլեկտրոնային հատուկ ապարանջան, որի արձակած ազդանշանի շնորհիվ ոստիկանները 24 ժամ հետեւել են նրա տեղաշարժին։

62-ամյա Դոմինիկ Ստրոս-Կանի մասին գրել են, թե նա ողջ կյանքի ընթացքում չի էլ թաքցրել իր կնամոլ լինելը, իր «արկածները» հայտնի են եղել ոչ միայն բարեկամներին կամ աշխատակիցներին, այլեւ ընտանիքի անդամներին։

Հարկ է ասել, որ Ստրոս-Կանի կինը` Ան Սինկլերը այս սկանդալի ողջ ընթացքում անվերապահորեն սատարել է ամուսնուն եւ սպասուհու պնդումները հերյուրանք է որակել։

Մինչդեռ, սպասուհու փաստաբանները ասում են, թե «իրավապահները բռնաբարության զոհին զրկում են արդար վճռից»։

Այս սկանդալի հետեւանքով Ստրոս-Կանը ոչ միայն ստիպված էր ազատել Արժույթի միջազգային հիմնադրանի տնօրենի պաշտոնը. կասկածի տակ է նրա մասնակցությունը Ֆրանսիայում 2012 թվականի նախագահական ընտրություններում։

Չարաբաստիկ սկանդալից առաջ նա համարվել է Սոցիալիստական կուսակցության ազդեցիկ թեկնածուներից, ով ի զորու է պարտության մատնել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Ֆրանսիացի վերլուծաբանների մեծ մասը համոզմած է, որ որքան էլ դա անարդար է` Ստրոս-Կանն այս իրավիճակում այնուամենայնիվ գործնականում զրկվել է նախագահության համար պայքարելու հնարավորությունից եւ առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կարող է լինել ֆրանսիական քաղաքականությունում նրա ներգրավվածության ձեւաչափը։

Ստրոս-Կանի նկատմամբ գործ է հարուցել նաեւ ֆրանսուհի Տրիստան Բանոնը, ով պնդում է, թե 2002 թվականին նրա կողմից բռնաբարության փորձի է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG