Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակտիվիստի խափանման միջոցը փոխելու հարցը «արագորեն կկարգավորվի»


ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Երեքշաբթի օրը կայացավ ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների թվով 6-րդ հանդիպումը:

Կառավարության ընդունելությունների տանը մոտ 5.5 ժամ տեւած հանդիպումից հետո ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ Կոնգրեսի կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը արագորեն կկարգավորվի:

Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը` այսօր երկու պատվիրակությունները անցել են օրակարգային հարցերի քննարկմանը եւ լսել իշխանությունների հակափաստարկները արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի հիմնավորումների շուրջ:

«Ինչպես պայմանավորվել էին, այսօր շարունակեցինք քննարկել օգոստոսի 9-ի միջադեպը եւ դրա հետ կապված զարգացումները: Քննարկման արդյունքում կարող եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի [կալանքի տակ մնացած միակ ակտիվստի] խափանման միջոցը փոխելու հարցը արագորեն կկարգավորվի: Դա նկատի ունենալով` մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը եւ լսել ենք կոալիցիայի տեսակետը», - նշեց Զուրաբյանը` հավելելով, թե քանի որ կոալիցիոն աշխատանքային խումբը ներկայացրել է փաստաթղթի միայն երկու երրորդը, «այնքան էլ լուրջ» չի համարում մեկնաբանություններ անելը: - «Բայց, իմ տպավորությամբ, այդ փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան ՀԱԿ ներկայացրած փաստաթուղթը, որովհետեւ շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություննների անցկացումը Հայաստանում»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված Կոնգրեսի վստահությունը, որ Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, արդյո՞ք իշխանական պատվիրակությունը այսօր նման խոստում է տվել, Զուրաբյանը կոնկրետ պատասխան չտվեց` ասելով. - «Ես ասացի այն, ինչ ասացի»:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, հայտարարել էր, որ իրենց ակտիվիստի կալանքի տակ գտնվելու հանգամանքը խոչընդոտ է երկխոսության համար: Այսօր Կոնգրեսը, փաստորեն, վերացված է համարում այդ խոչընդոտը եւ շարունակում է երկխոսությունը:

Իր հերթին, կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իշխանությունները խոստացել են փոխել Կոնգրեսի ակտիվիստի խափանման միջոցը, նշեց, թե իրենք իրավական պրոցեսում «ամենեւին չեն ներգրավվում»: Ավելին` Հարությունյանն ասաց, թե իրավական համակարգը գործել է «ոչ խտրական». - «Կարծես թե, մենք ունենք ընդհանուր մոտեցում, որ իրավական համակարգը գործել է ոչ խտրական, եւ աշխատանքային խումբը վստահություն ունի, որ իրավական համակարգը շարունակելու է գործել բոլորի նկատմամբ ոչ խտրական»:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 9-ի միջադեպից բացի, այսօրվա հանդիպման ընթացքում իշխանական պատվիրակությունը Կոնգրեսին է ներկայացրել իր 130 էջից բաղկացած հակափաստարկները արտահերթ ընտրությունների անցկացման խնդրի շուրջ: Ընթերցվել է այդ հակափաստարկների երկու երրորդը, եւ ուրբաթ օրը շարունակելու են դրա ընթերցումը:

Հակադարձելով Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պնդմանը, թե իշխանության ներկայացրած հակափաստարկները շատ ավելի լավ են հիմնավորում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը` Հարությունյանը ասաց. - «Հռետորական տեսանկյունից միգուցե գեղեցիկ հնարք է օգտագործել պարոն Զուրաբյանը: Բնականաբար` հակառակն է: Մենք այս պահին չենք տեսնում, որ ՀԱԿ-ի որեւէ մի հիմնավորում հիմնավորում է արտահերթ ընտրությունները»:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ շուրջ մեկ ամիս տեւած երկխոսության ընթացքում կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: ՀԱԿ-ը պնդում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորված է, իսկ իշխանության պատվիրակության ղեկավարն ասում է, թե Կոնգրեսի փաստարկները չեն հիմնավորում այդ անհրաժեշտությունը:

ՀԱԿ-ի եւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը:
please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG