Մատչելիության հղումներ

«Արմենիա» նավը վերադարձավ Հայաստան


3 օվկիանոս, 5 մայրցամաք եւ մոտ 80 հազար կմ. «Արմենիա» նավը վերադարձել է շուրջերկրյա ճանապարհորդությունից` ճանապարհին նկարահանելով բոլոր պատմամշակութային կոթողները եւ հատկապես եկեղեցիները:

Նավի անձնակազմի անդամները երեքշաբթի կայացած ասուլիսին խոստովանեցին, որ անցնելով աշխարհի տարբեր երկրներով՝ միշտ հանդիպել են գոնե մեկ հայի:

«Նույնիսկ Ինդոնեզիայում, որի բնակչության 94 տոկոսը մուսուլման են, գտանք հայկական եկեղեցի», - ասաց «Արմենիա» նավի նավապետ Սամվել Կարապետյանը:

«Արմենիա»-ն միայն երկրորդ փորձից է կարողացել անցնել Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների «հանդիպման վայր» Հորն հրվանդանը, որը հաղթահարելը թույլ է տալիս շուրջերկրյա ճանապահորդություն կատարողների էլիտար ակումբի անդամ դառնալ:

Ինդոնեզիայից մինչեւ ԱՄՆ, Նոր Զելանդիայից Արգենտինա. սա, մասնակիցների խոսքերով, դժվար, վտանգավոր եւ հիշարժան ճանապարհորդություն էր: Նրանք պատմում էին, որ օրեր շարունակ նավը կարող էր ընթանալ 45 աստիճանով մի կողմից մյուսը ճոճվելով: Բարդությունները ոչ միայն ծովի եւ եղանակի հետ էին կապված, այլ նաեւ` ծովահենների:

«Մենք խնդրել ենք, որ մեզ ուղեկցեն: Եթե չեն ուղեկցում, ծովահենները չեն թողնի, որ անցնեն, հատկապես այսպիսի փոքր նավերը», - ասաց գրող, հասարակական գործիչ, ճանապարհորդության ղեկավար Զորի Բալայանը, ով 3 տարի շարունակ երազել է իր անցած ճանապարհին մի խաչ տեղադրել` ի հիշատակ աշխարհի բոլոր անմեղ զոհերի:

Խաչը գտել են Բուենոս Այրեսում` 1915 թվականի Եղեռնի զոհերից մեկի ժառանգների տանը: Բրոնզե խաչը, որ ժամանակին տեղադրված է եղել հայկական եկեղեցու գմբեթին, այս անգամ տեղադրել են Հարավային Ամերիկայի Հորըն հրվանդանում գտնվող մի մատուռում:

Ճանապարհորդության իրականացմանը օգնել են տարբեր մարդիկ ամբողջ աշխարհից, ինչի շնորհիվ իրականացել է եւս մի երազանք, այն է ՝ ունենալ Հայաստանի դրոշի գույներով առագաստ:

Նավի անձնակազմը նկարահանել է ամբողջ ճանապարհորդությունը: Այս նյութերը հետագայում հիմք կդառնան ճանապարհորդության մասին պատմող ֆիլմի եւ գրքերի համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG