Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն փորձում է ուղղել իր խոսքերը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների մասին


Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնե
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնե
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն փոխել է իր խոսքերը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կործանման մասին` տեղի տալով Ամերիկայի հայ համայնքի քննադատությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության հաստատման վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի սկզբին կայացած լսումներից հետո սենատորները գրավոր հարցեր էին ուղղել նրան, որոնց պատասխանների ամփոփումից հետո միայն հանձնաժողովը Ռիչարդոնեի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ որոշում կկայացնի։

Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցմանը, թե մինչեւ 1915 թվականը Թուրքիայի տարածքում գործած ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր դեռ գործում որպես եկեղեցիներ, Ռիչարդոնեն պատասխանել էր. - «Մինչ 1915-ը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ։ Որոշները գործում են որպես թանգարաններ, մնացածն էլ չօգտագործվելու հետեւանքով ավերվել են կամ վերածվել մզկիթների»:
Այս հայտարարությունը հարուցել էր Ամերիկայի հայ համայնքի եւ կրոնական առաջնորդների զայրույթը: Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակ էր ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` դեսպանի մեկնաբանությունը որակելով «վիրավորական» եւ «սխալ»: Խաչիկյանը նշել է, որ դրանով փորձ է արվում թաքցնել Թուրքիայի տարածքում քրիստոնեական սրբավայրերի զանգվածային ոչնչացման փաստը եւ որ դեսպանի մեկնաբանությունները արտացոլում են «Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը ժխտելու՝ նրա ձգտումը»։

Օգոստոսի 22-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ձեռք է բերել Ռիչարդոնեի պատասխանի` փոփոխված տարբերակը, որում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարում է, որ կցանկանար ուղղել իր խոսքերը:

«Ճշգրտված տեքստը պետք է շարադրված լինի հետեւյալ կերպ: Մինչեւ 1915 թվականը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը այլեւս չի գործում որպես եկեղեցի: Թուրքիայի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները հաղորդում են, որ 1915 թվականին եւ դրանից առաջ գոյություն ունեցած քրիստոնեական եկեղեցիներից մոտ 200-250-ում այժմ տարեկան առնվազն մեկ անգամ պատարագ է մատուցվում: Շատ եկեղեցիներ ամենշաբաթյա պատարագներ չեն մատուցում կրոնավորների եւ քրիստոնեական բնակչության թվի պակասության պատճառով: Որոշ կարեւոր եկեղեցիներ գործում են որպես թանգարանները, մյուսները դարձվել են մզկիթներ կամ կիրառվում են այլ նպատակներով: Մի շարք եկեղեցիներ էլ խարխլվել կամ ամբողջությամբ ավերվել են», - գրել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:

Ռիչարդոնեի այս պատասխանը եւս չի բավարարել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ իր նոր հայտարարությունում դեսպանը կեղծ թվեր է հնչեցնում եւ մեղմացնում է իրական վիճակը, ինչը, նրա խոսքով, ապացուցում է, որ դեսպան Ռիչարդոնեն չի կարող լիարժեք կերպով ներկայացնել ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Թուրքիայում:

Հայկական եկեղեցիների փորձագետների գնահատմամբ, Թուրքիայում մինչեւ 1915 թվականը գործած 2000 եկեղեցիներից այսօր գործում են մոտ 40-ը:

2010-ի աշնանը սենատոր Սեմ Բրաունբեքը արգելափակել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ռիչարդոնեի նշանակումը` կասկածներ հայտնելով դրա նպատակահարմարության վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սակայն, օգտվելով Սենատի նստաշրջանների միջեւ եղած պարապուրդի ընթացքում իրեն ընձեռված հնարավորությունից, Ֆրենսիս Ռիչարդոնեին նշանակեց դեսպան:

Այդուհանդերձ, պաշտոնում հաստատվելու եւ 1 տարուց ավելի երկար ժամանակահատված ծառայելու համար վերջինիս հարկավոր է Սենատի հավանությունը: Ակնկալվում է, որ Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդներից հետո Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG